ՓԵՏՐՎԱՐ 2021 N 2
«Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:
Տերընդեզ, մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատվես օձէ չարե:
Տերընդեզ, մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես»։
Հայի դաստիարակության և ազգապահպանման մեջ մեծ դերակատարում ունի ազգային արժեքների և ավանդույթների պահպանումը։ Հայեցի հայ լինել նշանակում է հոգու մեջ և կյանքում կրողը լինել քո պապերից ժառանգած լեզուն, հավատը, ազգային ու հոգևոր արժեքները, նիստուկացը, բառուբանը, երգը, պարը։
Ինչքան խորը լինեն դաստիարակության սերմերը, այնքան հաստ կլինեն արմատները, և առատ՝ ստացված բերքը։ Ահա սա էր այն առաջնորդող գաղափարը, որով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասը վերածեցինք դաս-միջոցառման՝ նվիրված «Տյառնընդառաջի» եկեղեցական տոնին։
«Տյառնընդառաջը» կամ «մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին» Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տյառնընդառաջ, տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
Ելնելով Տիրոջն ընդառաջ՝ դպրոցի բակում վառեցինք ծիսական մեծ խարույկ, որը կրակի ջերմությամբ իր շուրջ համախմբեց ողջ դպրոցին՝ աշակերտներին և ուսուցիչներին։ Երգ, պար, որդան կարմիրով ներկված հայկական ավանդական տարազ, տոնական աղանդեր, հյուրասեր սեղան և այս բոլորի արդյունքում՝ ջերմ ու հաճելի մթնոլորտ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում։
Պահպանելով հայկականը և ավանդելով այն սերնդեսերունդ՝ հանձն ենք առնում համադպրոցական նմանատիպ միջոցառումները հաճախակի դարձնել, այս կերպ միասնություն, համախմբվածություն, ազգապահպանում և հայեցիություն սերմանել ամեն հայ մանկան սրտում։