ընտրացանկը

ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր առավոտյան թվում էր, թե, ինչպես միշտ,  կրկնվում է այն ամենը, ինչ որ կատարվել կամ եղել է երեկվա  ընթացքում։

Բայց կար մի բայց , որ ոչ մի ձևով  չես կարողանում բացատրել այդ բայցը, դա այն մարդակեր պատերազմն  էր,  որը մեր հարևանների հետ ընթանում է արդեն մի քանի դար։

 Ինչքանով է այն տունը, որտեղ մենք ապրում ենք, ընկալվում մերը,  ինչքանով  ենք այն Սարը ընկալում  մերը․ համագյուղացիների ասելով՝  դա մերն է, և այն պետք է մնա մեր հետնորդներին։  Պատերազմի օրերին  այդ փոփոխությունները ավելի վառ պետք է երևան, բայց․․․բայց․․

Ինչպես միշտ, մենք հասակակիցներով հավաքվում ենք գյուղամիջում և փորձում ենք  պատասխաններ գտնել այն բոլոր բայցերին , որոնք ուղորդում են մեզ դարերի ընթացքում։

Մեր հարևան Սաղաթելը պատմում էր, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին, երբ Արևմտյան Հայաստանից մեր պապերը գաղթում էին Արևելյան Հայաստան, նրանց հիմնական նպատակն էր՝ գտնել կյանքի  ավելի բարեկեցիկ, ապահով տեղ , բայց ի՞նչ իրողության մեջ էին նրանք  հայտնվել Արևելյան Հայաստանում , որը Ցարական Ռուսաստանի տարածքի մի մասն էր։Այստեղ եւս պահպանվում էր նույն ազգային հալածանքը, սակայն այն տարբրությամբ միայն, որ այստեղ նրանք ապահով էին ֆիզիկական բնաջնջումից։

Ինձ թվում է՝ մենք ունենք հոգեբանական մեծ խնդիրներ, որոնք  կարող են լուծվել, երբ մեր կրթական մակարդակը բավարարի այնքան, որ մեր բնակչությունը կարողանա կարդալ այն գիրքը, ինչը կարդում են հրեան, ֆրանսիացին, գերմանացին, և հասկանա այն, ինչը հասկանում են նրանք։

Մի հինադարյան  ասացվածքում  գիտակցությունը  համեմատում են ամանով ջրի հետ։

Եթե լցնեք մեկ գդալ աղ այդ ջրի մեջ, օրինակ՝ սուրճի բաժակի մեջ, ջուրը կդառնա աղի, և դժվար թե այն խմելու ենթակա լինի ։

Իսկ եթե ամանը մի քանի լիտրանոց տարա է, ապա ջրի համի վրա չի ազդի  մի  գդալ աղը։

Ե՛վ  ջուրը  և՛   աղը նույն են, բայց ձեր զգացողությունը,  կյանքի փորձը տարբեր են։

Նույնը  կարելի է ասել մեր գիտակցության մասին։ Երբ մենք սովորում ենք ապրել գիտակցաբար, նկատում ենք , որ կյանքի որակը բարձրանում  է, ինչպես ջրի համը, իսկ մտքի ուժը՝ ամրանում ։

 

Հակոբ Սարիբեկյան

                                                                                              Վերին Գետաշեն