ընտրացանկը

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԱՍԸ

Անհայտ է՝ որքա՛ն ժամանակ անցավ, մի պահի, երբ Պապը հիացած ունկնդրում է նվագը, Տերենտը,  մեկեն կարծես մի բան հիշելով, ելավ տեղից։

-Ների՛ր, արքա՛, ես մի քանի վայրկյան,- ասաց նա գլխի նուրբ շարժումով ու գնաց դեպի դուռը։

Սակայն դուռը չհասած Գնելը նկատեց, որ նա կանգնեց մի ակնթարթ ու ետ նայեց, ապա դուռը բանալով՝ աներևութացավ նրա հետ։ Փոքր անց,  նույնպես ներում խնդրելով, նույն կողմը գնաց և Ադդե զորավարը՝ իր հաստ ուսերը ճոճելով։

Երբ Գնելը, դրան ևս հայացքով ուղեկցելուց հետո, գլուխը դարձրեց դեպի թագավորը, հանկարծ նկատեց, որ պատընդուս կանգնած հոռոմ զինվորներից մեկը՝  միջահասակ ու բարակ մի երիտասարդ, առաջ գալով կանգնեց թագավորի հետևը, ու հանկարծ․․․․ Գնելը նրա ձեռքին սուր տեսավ․․․

  • Պաշտպանվի՛ր, արքա,- պոռաց նա ու տեղից պոկվելով վազեց դեպի թագավորը։

Նրան հետևեց երիտասարդ Ձյունականը։

Բայց մինչև տեղ կհասնեին, երկուսն էլ նկատեցին, որ թագավորն ընդոստ վեր թռավ բազմոցից, կանգնեց ամբողջ հասակով ու ձեռքը դժվարությամբ տարավ մեջքը՝ թիկունքը խրված սուրը բռնելով․․․

  • Խարդա՜խ․․․ այս էր,․․․- լսեց Գնելը թագավորի ձայնը և իր զարմանքի, հուզմունքի ու վազքի մեջ էլ չտեսավ, թե ինչպես թագավորը պաղած հայացքով ընկավ ճաշի սեղանին՝ կողքից բխող արյունը խառնելով հյուրասիրության գինուն։ Չտեսավ և այն , որ սեղանի շուրջ խառնվեցին իրար․․․ Նա, դաշույնը հանած, գնաց դեպի թագավորին հարվածողը, որն այն է՝ շրջվել էր հեռանալու , Գնելը մոտեցավ, ավելի շուտ՝ մի երկու ցատկումով հասավ նրան և, աչքերը փակելով, դաշույնը բարձրացրեց․․․ Ու ապա զգաց , թե ինչպես ծանր մի բան թափով դիպավ իր ոտքերին․․․

   Այդ ժամանակ Գնելը վախեցած աչքերը  բաց արեց և տեսավ՝           թագավորին հարվածողն ընկած իր առաջ, ու  սրահում ամենքն իրար  անցած․․․․

Այդ  պահին   Գնելը ճչաց ու վազեց դեպի թագավորը,  և երբ թագավորը հանկարծ ընկավ սեղանի վրա, ամենքը մեկեն զարմանքից քարացան մի վայրկյան, ապա հոռոմ  զորականներից մի երկուսը վեր կացան  ու շտապեցին դուրս, իսկ Բաթը առաջին  իսկ վայրկյանին, սուրը մերկացնելով , ուզեց խոյանալ թագավորին պաշտպանելու,  բայց  չկարողացավ   առաջ գնալ – հոռոմ զինվորները  խառնվել էին առաջին․․․ և այժմ  նա սրով կամենում  էր ճանապարհը  բանալ, գնալ դեպի թագավորը․․․ Սուր էր հանել և Երեմիան․․․․

Գնելն այդ տեսնելով   վազեց դեպի Բաթն ու Երեմիան։

-Վրե՛ն , օգնի՛ր,- գոռաց նա երիտասարդ  Ձյունականին ու նետվեց առաջ ։ Սակայն մինչև  տեղ հասնելը  ծանր մի հարված զգաց աջ ուսին  և ընկավ՝  մտածելով,  որ դա երազ է կամ պատահմամբ, որ ինքը նորից կբարձրանա, կպաշտպանի թագավորին,  իր պետ Բաթին ,  Երեմիային  և  Ձյունական Վրենին․․․

Այդ իսկ  վայրկյանին,  չգիտես  Գնելի  ճիչի՞, թե բարձրացած աղմուկի վրա,  ճաշասրահի զույգ փեղկերը բացվեցին, ներս եկավ Տերենտը իր դիք հասակով և հուզված։

  • Ո՞վ էր այդ, - պոռաց նա զայրագին ։- Վիրավորել թագավորի՞ն․․․ Ո՞վ համարձակվեց․․․

Նրա ձայնի վրա հոռոմ զինվորները կանգ առան , իսկ Բաթը, նրան տեսնելով , ետ դարձավ  և մի ցատկումով  Տերենտին  հասնելով ՝ սուրը բարձրացրեց հանկարծ․

-Ահա ՛ քեզ, խարդախ արքայասպան ,- մռնչաց նա ոչ մարդկային ձայնով, այդ մի քանի բառի մեջ դնելով կարծես տարիների իր ոխը, ատելությունն ու զայրույթը։

Եվ մինչ Տերենտը կընկներ տապալվող ծառի պես, Բաթը, սուրն առաջ ճոճելով, բաց դռնից  նետվեց դուրս։

-Բռնե՛լ ։ Չթողնե՛լ փախչի,- լսեց նա  հետևից հունարեն։

Եվ իրոք, տպավորությունն   այն էր, թե նա փախչում է  գլուխն ազատելու։ Բայց մինչև կփորձեին հետևել , նա   գլխաբաց  վազեց ծառերի տակ կապված ձիերից  մեկի մեջքը և սուրաց առաջ։

Եվ ոչ ոք չհետևեց նրան․ նույնիսկ փորձ չարեցին․ բոլորը խառնվել էին իրար, խառնվել էին Տերենտի շուջը։ Իսկ Բաթը ձին փոթորկի պես քշեց դեպի անտառ։ Քշեց, ինքն էլ չիմացավ ո՛րքան / նրան թվաց ժամեր/, վերջապես, երբ մոտեցավ անտառին և ծառերի տակ նկատեց թիկնապահ գնդի զինվորների, որ խումբ- խումբ նստոտած ու պառկած զրուցում էին հանգիստ, նա գոռաց ամբողջ կոկորդով մի ձայնով , որ դուրս էր գալիս ոչ միայն կրծքից, այլ ասես նրա սրտի խորքերից։

  • Զինվորնե՛ր․․․ զինվորնե՛ր․․․ հոռոմները սպանեցին մեր թագավորին․․․ Զա՛րկ հոռոմներին։ Զա՛րկ հոռոմներին,- կրկնեց նա հևասպառ։
  • Մեկը լուր տանի թող Հավնունու դղյակը, մյուսը՝ Սմբատ ասպետին․․․ ի՛մացնել  բոլորին ․․․ Թո՛ղ գան  գնդերով․․․ և ․․․  օ՛ն հետևեցեք ինձ․․․

Եվ նա նժույգի գլուխը դարձրեց նորից ու սրամերկ սուրաց առաջ։

Թիկնապահ գունդը ցնցվեց նրա խոսքերից,  նրա տարօրինակ մազախռիվ տեսքից,   և մի ակնթարթում բոլորն անմիջապես, ձիերը հեծած ու  կարծես մտրակված՝ հետևեցին նրան մրրիկի պես՝ վարակվելով իրենց պետի օրինակից։

Բոլորը սլանում էին նրա պես սրերը մերկացրած, ձիերի վրա կռացած, արձակված նետերի պես․ թվում էր՝ հալածում են Բաթին, որ սուրում  էր իր ձիուն ձուլված, մի 20-30 քայլ նրանից առաջ։

Ամենքը ձգտում էին հասնել նրան, առաջել նրան ։

Ու մի քանի վայրկյան հետո արդեն Տերենտի դղյակի մոտ էին ։

Հուսանք, որ մեր կրթական նոր համակարգով կրթություն ստացած զինվորականները ,  իշխանության ներկայացուցիչները կծառայեն մեր պետական շահերին։