ընտրացանկը

ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԵՐԻՑ

   Գարեգին Նժդեհի աշխատանքներում առանձնահատուկ արժեք ունեն  երիտասարդությանն  ուղղված պատգամները ։  Նրա գործունեության ու  բազմաթիվ ուսումնասիրությունների առանցքը  մշտապես եղել է հայ երիտասարդությանը ազգային և հայրենասիրական ոգով դաստիարակելու խնդիրները։ Նրան հատկապես մտահոգել է  հայապահպանության, երիտասարդության և համահայկական խնդիրների լուծման շուրջ համախմբելու հիմնախնդիրը։ Վերոհիշյալ  նպատակների իրականացման գործում հաջողելու համար Նժդեհն առանձնացնում է մի քանի գործոն․

ա/ դպրոցը

բ/ մայրը

դ/ մամուլի դերը։

    Բնութագրելով իր ժամանակաշրջանը՝  Նժդեհը գրում է․ «Չկա , պակասում է բոլորին, դպրոցին, մամուլին, գրողին այն աստվածաշունչ զգացմունքը, որն իր մեջ խտացնում է մարդկային  բոլոր բարձր հատկությունները, չկա  բարձր հայրենասիրությունը, հայրենապաշտությունը չկա․․»։ Այժմ վերլուծելով Նժդեհի մտքերը՝  փորձենք քննարկել  երիտասարդության  հայեցի դաստիարակության գործում  վերոնշյալ գործոնների դերը և նշանակությունը։

  ա/ ԴՊՐՈՑ— Քննադատելով իր ժամանակաշրջանի հայկական  դպրոցների կրթական գործընթացի բացթողումները և թերությունները՝ Գ․ Նժդեհը գրում է․ «Շեշտված նպատակը, ջերմությունը, հոգին է պակասում  մեր այդ դպրոցին։ Նա է, որ պիտի լինի հայրենագիտության ամբիոնի տաճարը։ Դեռ այնտեղ հայ մանուկը պիտի ճանաչի   ու սովորի սիրել հայրենի ժողովրդին ու երկիրը․․․ »։

    Ազգային դաստիարակության նպատակը,  ըստ Նժդեհի,  ազգային գիտակցության ձևավորումն է։

Գերազանցորեն հայրենապաշտ ՝ ահա թե ինչպիսին պետք է  լինի պատմության ուսուցիչը, եթե  այդպիսին չէ,   ապա նրա տեղը դպրոցում չէ։

  Նժդեհի՝  երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության և կրթության գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, ի թիվս այլ գործոնների, պետք է ապահովվել հետևյալ պայմանները ։

  1․ Հայրենասիրական մթնոլորտ։

  2․ Ազգային գիտակցության ձևավորմանը  միտված աշխատանքներ և համապատասխան դասագրքեր։

  3․ Առարկայի դասավանդման զգացմունքային եղանակներ։

    բ/ ՄԱՅՐԵՐԸ- Նժդեհը մեծապես կարևորում է կնոջ, հայ մայրերի դերը։Նա հայ կնոջ միջոցով է տեսնում հայ ընտանիքի հոգեփոխման գործը և հայ ազգի հարատևության գրավականը․  «Մայրերի  մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»,- նշում է նա։

   Հատկանշական է նաև Նժդեհի՝  հասարակության մեջ կնոջ դերի  վերաբերյալ հայոց ազգային  հոգեկեցվածքին վայել  և միևնույն ժամանակ իր ժամանակի համար առաջադիմական դիրքորոշումը։

   Ըստ որի՝ ժողովրդի քաղաքակրթական մակարդակը մեծապես կախված  է հասարակության մեջ կնոջ դերակատարությունից ։

   Գ/ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Հասարակության այդ խավի, նժդեհական տերմինաբանությամբ ճշմարիտ մտավորականությանը, ի թիվս այլ կարևոր գծերի, պետք է բնորոշ լինի․

1․ բարոյական նկարագիրը,

2․ բարձր գաղափարականությունը,

3․ ստեղծագործելու նոր իդեալները, արժեքներ ստեղծելու ընդունակությունը,

4․ հոգևոր արիությունը,

5․ իր ժողովրդին խորապես սիրելու և նրա համար նվիրաբերվելու կարողությունը։

    Հասարակության մեջ մտավորականության շարժիչ վճռորոշ դերը ընդգծելու համար Նժդեհը գրում է․ «Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը ։ Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում այն։ Այո՛, հանձինս  ժողովուրդների՝ միշտ էլ չափվում են իրենց  մտավորականությունները»։ 

   Դ/ ՄԱՄՈՒԼ- Անդրադառնալով մամուլի դերին՝  Նժդեհը գրում է․ «Թերթեր ունենք, որոնք ավելի օգտակար պետք է լինեին հայ ժողովրդին, եթե  բնավ նրանք լույս չտեսնեին»։

   Թերթի պարտավորությունն է՝ խտացած ճշմարտությունը տալ ժողովրդին, նա հատկապես նշում է մամուլի  կրթադաստիարակչական նշանակությունը, նրա դերը հայ ազգի հոգևոր,  բարոյական, ինքնապաշտպանական համակարգի ձևավորմանը։

    Հարգելի՛ ընթերցող, հուսանք՝ ժամանակը Ձեր օգնությամբ աշխատելու է ի օգուտ մեր պետականության։