ընտրացանկը

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ը իր սև հետքը թողեց նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում։ 

  ՄԱՄԻԿՈՆՅԱՆ  ՄԵԼԻՔ  ԱՐԱՄԱՅԻՍԻ - ծնվել  է  1997 թվականին, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։  Նրա մանկությունը  անհոգ  չի  անցել,  ընտանիքի  պատասխանատվությունը  ընկել  է  նրա  ուսերին, երբ զրկվել է հորից։

Աշխատասեր  և  պատասխանատու    պատանու  մոտ  հայրենասիրությունը  արյան  մեջ  էր,  նա   միշտ  քննադատում  էր  այն   մարդկանց,  ովքեր  բարեկեցիկ  կյանքը  նախընտրում  էին  հայրենիքից։ Շատ էր սիրում  գրքեր  կարդալ,  դպրոցում  սիրած   առարկան «Պատմությունն»էր ։  Սիրում  էր  քննարկել  մեր ժողովրդի անցած  ուղին  և  ուներ  իր  սեփական  դիրքորոշումը։ Սիրում  էր  ֆուտբոլ  խաղալ,  բայց  շատ  ազատ  ժամանակ  չէր  ունենում,  որովհետև  պետք  է  օգներ  մորը  և  Սիրանուշ  տատիկին։  Դպրոցի  տնօրեն  պարոն  Հովհաննիսյանը  նրան  բնորոշեց  կարճ՝  «Լավ  մարդ», և  հետո  ավելացրեց  Մելիքի  խոսքերը․ «Տղամարդու  չափանիշը    հայրենասիրությունն է»։ Սեփական  ուժերով  հանձնում  է  քննությունները, ստանում  է  բարձր  միավորներ, սակայն, սոցիալական  պայմաններից  ելնելով,  չի  կարողանում  ուսումը շարունակել, բայց  չի  ընկճվում։  «Քարվաճառում  կամավորական   էր,- պատմում  է  պարոն  Հովհաննիսյանը,- քանի  ես  դիրքերում  եմ,  դուք  խաղաղ  կքնեք»։ Անվախ  էր, ինչպես  հզոր  արծիվ ․ իր  օրինակը  ուսանելի  էր  շրջապատին։

     ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՍԱՐՈՒԽԱՆԻ -  41  տարեկան,  վեց  երեխաների  հայր,  որից  4-ը  անչափահաս  են։ Բնակվում էր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։

Հասարակության   մեջ  մեծ   հարգանք էր  վայելում,  սիրում  էր  իր  գյուղը  և  մեծ  սիրով  զբաղվում  էր  գյուղատնտեսությամբ,  նրա  հոբբին  գյուղսարքավորումներով աշխատելն  էր։

Սիրում  էր  իր  աշխատանքը,  լավ  հայր  ու  շատ  լավ  ամուսին  էր,  ոչինչ  չէր  խնայում,  որ  ընտանիքի  անդամների  օրը  հետաքրքիր   և  անակնկալներով  լցներ։  Ընկերասեր  էր։

Պատերազմի  հենց  առաջին  օրը  կամավորագրվում  է,  չնայած  որ ինքը  բազմազավակ  հայր էր, և նրան  հորդորում   են  չգնալ  առաջնագիծ,  բայց  նա  մերժում  է՝  ասելով, որ եթե ամեն  մեկը չգնա, ի՞նչ  է  լինելու  վերջը։

Կնոջը  վերջին  անգամ  զանգել  է  հոկտեմբերի  10-ին  և  խնդրել , որ  լավ  պահի   երեխաներին։

Նա  գնաց ,  որ  իր  երեխաները  ապրեն  խաղաղ,  որ  իր  հոգին  հանգիստ  հսկի  հայրենի  հողի  սահմանները։

 

      ԴԱՎԻԴՅԱՆ ԵՆՈՔ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ – Բնակվում էր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։  5 տարեկանից մնացել է մոր խնամքին, դժվար մանկությունը նրան չի կոտրել, այլ  մեծ արմատներ է գցել սերը դեպի հայրենիքը։ Իր պարտքը հայոց բանակին տալուց հետո չի մտածել լքել հայրենիքը և բռնել արտագաղթի ճանապարհը, այլ նորից անդամագրվել է և որպես կամավոր ծառայության անցել Քարվաճառում։

Ինչպես  ինքն էր մեծացել առանց հոր սիրո և աջակցության , ցավոք,  նույն բախտին արժանացան Ենոքի զավակները, ովքեր միշտ պատվով կխոսեն և կհիշեն հերոս հոր մասին։ Մայրը շատ էր ափսոսում , որ որդու երազանքները մնացին կիսատ, բայց խոստանում էր, որ  ուժ կգտնի, և թոռների հետ նրանց հոր երազանքը կկատարեն։ Ենոքը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։ Շատ ընկերասեր էր, նվիրված  իր գործին, վիրավոր ժամանակ նույնիսկ ընկերներին մենակ չի թողել, այլ լաթի կտորով  փաթաթել է վերքը և ամրակով ամրացրել ու միացել  ընկերներին, խնդրել, որ էլ չխոսեն ու չասեն, որ պետք է  հոսպիտալ տեղափոխվի։ Մասնակցել է   ապրիլյան քառօրյա պատերազմին։ «Հպարտ  եմ, որ հերոս որդի ունեմ, բայց չեմ ցանկանա, որ որևէ  մեկը զգա այն, ինչ որ մենք ենք զգում։ Թող աշխարհի երեխաները երբեք չզգան իրենց ծնողի կորուստը»։

    ԱՆԱՆՅԱՆ  ՍԱՄՎԵԼ ԱՆԱՏՈԼԻ -ծնված 1988  թվականի նոյեմբերի 30-ին, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։

Մանկուց սիրել է զինվորական համազգեստը, քանի որ տանը միշտ զգացել է հայրենիքի պաշտպանի ոգին․ հայրը նույնպես զինվորական էր։ Ծառայելով հայոց բանակում՝ իր սերն ու նվիրվածությունն է դրսևորել հայրենիքի նկատմամբ։ Նա կապավոր էր։ Հմուտ էր  վարվում զենքի հետ, տիրապետում էր տարբեր մարտական զենքերի։ Մասնակցել է քառօրյա պատերազմին։  Անվախ էր, երբեք չի ընկճվել և ցույց չի տվել, որ դժվարություններ ունի։ Շատ էր սիրում իր գործը, հայրենասիրությունը նրա գեների մեջ էր։ Նա իր սեփական մեքենայով սնունդ ու ռազմամթերք էր մատակարարում, չէր վախենում և բոլորին խրախուսում  և հորդորում էր , որ դառնան մի բռունցք, որ կարողանան հաղթահարել ծանր պահերը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հայրը, ով մանկուց էր զբաղվել որդու խնամքով, հպարտությամբ էր խոսում որդու մասին և ասում, որ լավ մարդ է դաստիարակել։ «Նա միշտ ինձ հետ է, նրա ոգին անմահ է»,- ասում  է  հայրը։

   

  ՆԵՐՍԻՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ ՆԵՐՍԻԿԻ - հերոսը ծնվել է Մեծ Մասրիկում, մանկությունը անցկացրել է հայրենի գյուղում , հայրենիքին պարտքը տալուց հետո անցնում է ծառայության Սոթքում։ Ծառայության ընթացքում նկատելով նրա ռազմական կարողություններն ու ունակությունները՝ հրամանատարական կազմը նրան առաջարկում է ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, որը կնպաստեր նաև զինվորական կոչման բարձրացմանը։ Նա 31 տարեկանում կամավորագրվում է։ Հայրենիքը նրա համար ամեն ինչ էր ։

  Աշխատել է  Ջաբրաիլի զորամասում՝ որպես մարտկոցի դասակի հրամանատար։ Մեծ հարգանք էր վայելում իր զինակիցների կողմից, եթե ունեցել է դժվարություններ, չի տրտնջացել։ Ոչ մի անգամ չի մտածել հայրենիքը լքելու և մեծ փողեր աշխատելու մասին, Շատ երազանքներ ուներ, բայց ամենամեծ երազանքը դստեր՝ իրեն «պապա» ասելն  էր, բայց այս ամենը մնաց անկատար։        

Նրանք մարեցին հանուն մեր ազատության և խաղաղության։ Թող բոլորը կարողանան գտնել իրենց մեջ այն գերբնական ուժը, որով կկարողանան ապրել և ապրեցնել իրենց ժառանգներին։ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց անունները հավերժացրին նաեւ մեր մյուս հերոսները․

Արա Խաչատրյան Էդգարի

Համլետ  Աղաբեկյան Արայիկի

Սուրիկ Ավետիսյան Իշխանի

Էդվար Պետրոսյան Մանվելի

Գառնիկ Խաչատրյան Հուսիկի

Նարեկ Հովհաննիսյան Կամսարի

Արծրուն Սիմոնյան Ժիրայրի

Արտաշես Ջանիբեկյան Կորյունի

Կամո Մինասյան Մանվելի

Վարդան Պողոսյան Դերենիկի

Լևոն Սևոյան Մեխակի

Սրսեն Մադոյան Վարուժանի

Սևնիկ Մովսիսյան Արայի

Զավեն Հակոբյան Ստեփանի

Ռազմիկ Մկրտչյան Գալուստի

Վարդան Թադևոսյան Սերյոժայի

Մուշեղ Գալստյան Արամի

Միքայել Կարապետյան Գուրգենի

Արամ Ղուկասյան Կամոյի

Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առջև, որոնց զավակները անմահացան հանուն հայրենիքի փրկության։

 

 

«1+1» թերթի խմբագրություն