ընտրացանկը

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺ

 

Մեր պապերը գաղթել   են Մուշ Գավառի Մանազկերտի շրջանի Ղարաղայա գյուղից. հացթուխներ են եղել: Գաղթել են և բնակվել  Դիլիջանում, զբաղվել են մեր ընտանեկան գործով, այնուհետև տեղափոխվել են Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղ։

Չեմ սիրում այդ ծանր ժամանակներին  անդրադառնալ, այն լի է ցավով և ողբերգությամբ,  չեմ սիրում լացուկոծ անել։

Տղամարդը պետք է ունենա արժանապատվություն. պատերազմի առաջին օրվանից մենք մեր համագյուղացիների հետ կազմակերպեցինք  և առանց գործընթացը դադարեցնելու կարողացանք ապահովել մեր զինվորներին հանապազօրյա հացով։ Կարող եմ ասել , որ դա այն փոքր գործընթացի մասնիկ է, որ պաշտպանության  նախարարը հռչակեց մի քանի տարի առաջ. դա ազգ–բանակ հասկացողությունն է։ Մեր կարիքը կար, և մենք  կատարեցինք մեր պարտքը՝ որպես հայրենասեր մարդիկ։ Ես այն բախտավոր մարդկանցից եմ, ում տղան պատերազմից ողջ վերադարձավ: Երբ ես ու որդիս ՝ Ավետիքը, երեկոները զրուցում ենք մեր գլխին եկածի ու հետագայի  մասին, հասկանում ենք, որ մեր կրթական համակարգը  և ծնողները  չկարողացան կյանք ուղարկել փոքրիկ առաջնորդների, որոնց կարիքը շատ ու շատ էր նկատվում թե´ ճակատամարտում և թե´ թիկունքում։ Մենք Մեծ Մասրիկին մոտակա զորամասերին կարողացանք  ապահովել հացով, այսինքն՝  դարձանք պատասխանատու և առաջնորդ մեր գործում, բայց, ցավոք, գտնվեցին   գեներալներ և զինվորականներ, ովքեր չկատարեցին իրենց պարտականությունը։

Ալեքսանդր Մակեդոնացին մակեդոնացիների կազմակերպվածության շնորհիվ կարողացավ 40-50 հազարանոց զորքով հաղթել 600-800 հազարանոց պարսկական զորքին: Շատերը կմտածեն, թե այն ժամանակ միայն նետ ու աղեղ էր, բայց մենք պետք է հասկանանք, որ այն ժամանակ դա նույն զենքն էր, ինչ այսօր՝ անօդաչու սարքը կամ գնդացիրը։ Շատ եմ ուզում, որ մենք՝ հայերս, ապրենք խաղաղ կյանքով, բայց այդ ցանկությունը քիչ է, համոզված եմ՝ այդ ցանկության հետ մենք պետք է ուզենանք ունենալ հզոր պետություն, ժամանակակից տնտեսություն, բարեկամ երկրներ  և հզոր, մարտունակ բանակ։ Ես կարող եմ թխել հաց, իմ ընտանիքը վարպետությամբ, պարտաճանաչությամբ և պատասախանատու ձևով կատարում է  իր գործը։

Ես՝ մեծ մասրիկցի Ս․ Խլոյանս, ուզում եմ, պահանջում եմ, որ թե´ իշխանությունը , թե´ ընդդիմությունը, թե´ բանակը , թե´ մենք՝ հայերս, ապրելով աշխարհի տարբեր երկրներում,  պարտաճանաչ  ձևով կատարենք մեր հայրենասիրական գործը։

Տղաս ասում է՝ ուշ, թե´ շուտ մենք պետք է վերադառնանք մեր տուն՝ Մշո Ղարաղայա գյուղ. ասում են՝ իմ տղան ինձ շատ է նման ։

Հարգելի´ դպրոցականներ, ձեզ հետ կապված մեծ հույսեր  ունի մեր ժողովուրդը․ ես կցանկանայի ասել , որ մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր հանգամանք. Հայաստանի հայերը և աշխարհի բոլոր երկրների մեր հայրենակիցները պետք  է համախմբեն իրենց ջանքերը, միայն ու միայն այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել մեր գոյության ու բարգավաճման համար մղվող պայքարում։

Հայրենիքը սոսկ հասկացություն չէ,  այն իրական մարդ և ազգություն  է՝ իր խնդիրներով, միայն  ժամանակակից կրթական բարձր  համակարգ ունեցող սերունդները կարող են ստեղծել լավ ապագա  իրենց  հետնորդներ  համար ։

                                                                                                                                    1+1 ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ