ընտրացանկը

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

img_4888
img_4888
img_4888
ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

        Այս զրույցը մեզ է հասել  շատ վաղուց։ Մեզ պատմել են մեր տատերը, մեր տատերին  պատմել են իրենց տատերը։

    Հազարավոր տարիներ առաջ,  երբ մեր աշխարհը նոր էր ձևավորվում, չկար արև,  ու շատ ցուրտ էր, որպեսզի կենդանական և բուսական աշխարհը կարողանար գոյատևել ու բազմանալ, արևի աստվածը վառում  էր կրակ իր ձեռքերի մեջ , լուսավորում  էր և ջերմություն  տալիս մարդկանց ու բնությանը։ Այսպես կյանքը ընկնում   էր  իր բնական հունի մեջ։  Մարդիկ շատ երախտապարտ  էին  և իրենց գոհունակությունն էին հայտնում աստվածներին։  Արևի,  քամու,  ջրի, լույսի  և շատ ու շատ  աստվածներ օգնում էին մարդկանց, աշխատում  նրանց օգտին, և մարդիկ շատ էին սիրում  աստվածներին  ու զոհաբերություններ անում  նրանց պատվին։  Սակայն ժամանակ   առ  ժամանակ  աստվածները     ցանկանում էին, որ մարդիկ  իրենց համար զոհաբերեն   ամենաթանկը,  ինչը  որ  նրանք  ունեին։

     Այդ ժամանակներում  մեր գյուղում  ապրում էր Սաղաթել  անունով  մի  մարդ, ով ուներ 3 աղջիկ, նրանք  շատ  սիրուն  էին և հմուտ իրենց գործերում։  Սաղաթելը  գիտեր, որ մի օր իր չքնաղ աղջիկներին պետք  է զոհաբերի աստվածներին  ու որոշեց   գտնել   զորեղ փեսացուների և ամուսնացնել  իր աղջիկներին ,  նրանք   կունենան գեղեցիկ, ուժեղ և հնարամիտ  երեխաներ․   մարդիկ նրանց կսիրեն ու կհարգեն ինչպես աստվածների։

  Աստվածներին դուր չեկան   այդ  ինքնավստահությունը  և    մարտահրավերը, և նրանք տարան  Սաղաթելի   երեք աղջիկներին։ Մեծ աղջկա անունը Արևիկ  էր,  նրան  արևի  աստվածը տարավ երկինք, որ ամեն օր՝  առավոտից իրիկուն,  լուսավորի  ու ջերմացնի  մութ ու ցուրտ աշխարհը։  Միջնեկ աղջկա  անունը Աստղիկ էր,  նրան տիեզերքի աստվածը տարավ  տիեզերք, որ կարողանար   աստղերի միջոցով կողմնորոշել  մարդկանց ։

 Փոքր աղջկա անունը  Լուսին  էր,  նրան բերք ու բարիքի  աստվածը տարավ մեզ ամենամոտիկ մոլորակը, որ նա   իր լույսով  կարողանար մեզ հուշել  սպասվող  թե ՛  առատությունը,   թե՛ աղետը։

 Սաղաթելը  չդիմացավ  այդ վշտին և  մահացավ։  Աստվածները  հրամայեցին , որ նրան թաղեն մեր գյուղի  վերևում , որտեղ  այսօր   գտնվում   է  վանքը, որպեսզի  նրա գերեզմանը  ուղղված  լինի  դեպի Սպիտակասար, որ  նա  երբեք  չկարողանա  տեսնել   հիասքանչ  լուսաբացը  ու որ միշտ տեսնի այն աղջիկներին ,  որոնց տանում  էին՝ զոհաբերելու  ջրի աստծուն  Սպիտակասարի փեշերին,  որտեղից սկիզբ է առնում Գավառագետը։