ընտրացանկը

ՓՈՔՐԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՒՄ

img_4894
img_4894
img_4894

Գեղարքունիքցիներիս համար մեր գյուղը ոչ միայն ծննդավայր է, այլ նաև հայրենիք  է ,  օդ է ու ջուր։  Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից կտրված, ժամանակակից  հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ անտեղյակ են ամեն ինչից։ Այդ պատճառով էլ մենք աշխարհին ասելու ու ցույց տալու բաներ շատ ունենք, որպեսզի բոլորն իմանան, որ գյուղը երբեմն կարող է հազար անգամ ավելին արժենալ և հազար անգամ ավելի գեղեցիկ լինել, քան ուրիշները կարող են պատկերացնել։

Լավագույնը, որից կարելի է սկսել, գյուղի սքանչելի բնությունն է, որը հաստատ բացահայտման կարիք ունի,  և հենց այդ բացահայտումների հույսով և սպասումով էլ «1+1 » թերթի  արշավախումբը աշակերտների փոքրիկ խմբով, աջակից ուսուցիչների և համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնեց Սպիտակասար՝ բացահայտելու և  բոլորին ցույց տալու մեր գողտրիկ անկյունը, որին ինքներս էլ այդքան լավ ծանոթ չէինք։

Գյուղից հորիզոնին նայելիս նշմարվում  է մի գեղեցիկ լեռ՝ թաքնված կաթնագույն  մշուշի տակ, այն անհասանելի էր թվում, սակայն դարձավ մեր փոքրիկ ճանապարհորդության գլխավոր կայանատեղին։ Լեռան անունը Սպիտակասար  է ։  Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝  Հայաստանի Հանրապետության ԿոտայքիԱրարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը` 3555 մետր է։Այն հրաբխային լեռնազանգված է, Գեղամա  լեռների երկրորդ գագաթն է Աժդահակից /3597մ/ հետո,    հարաբերական բարձրությունը արևմուտքից ու արևելքից` համապատասխանաբար 250 մետր և 450 մետր։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ ծագում է անվանումը։ Սպիտակասարի արևմտյան լանջերից սկիզբ են  առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով։ Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:

Շատ խորհրդավոր և գեղեցիկ է չէ՞ հնչում։ Եվ այս հրաշքը գտնվում է Գեղարքունիք գյուղում։ Սպիտակասար բարձրանալու ճանապարհին  հանդիպեցինք վրանների և տնակների/ հնաոճ խրճիթների/ շարանների, պարզվեց՝ մեր հարևան եզդիներն էին, ովքեր, ապրելով  գյուղից այդքան հեռու,   զբաղվում էին անասնապահությամբ և դիմակայում  մեզ համար անսովոր ցրտին։ Հասկացանք, որ այդ միջավայրը նույնպես արժանի է գնահատման և զարգացման։  Խմբով այցելեցինք մոտակա փոքրիկ լճակները, նկարվեցինք, հիասքանչ ժամանակ անցկացրինք և նորանոր մտքերով վերադարձանք գյուղ։ Սպիտակասարը հիասքանչ տեղ էր հագստանալու և լավ ժամանակ անցկացնելու համար, և մենք իսկապես հիանում էինք շրջապատող բնությամբ, սակայն ունեցած գեղեցկությունը հարկավոր է ոչ միայն վայելել, այլև կիսվել դրանով։ Տուրիզմը գյուղում զարգացնելը օգուտ կլինի ոչ միայն գյուղի և գյուղացիների,  այլև ողջ երկրի համար, քանի որ պատերազմից հետո տիրած բարդ իրավիճակը հաղթահարելու համար յուրաքանչյուրս պետք է ունենա իր ներդրումը։ Սա մեր ճանապարհի սկիզբն է, մենք դեռ նոր բացահայտումներ ենք անելու և մեր գյուղը տեսանելի ենք դարձնելու բոլորի համար։

                                                                                                                                                               ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ