ընտրացանկը

ԴՊՐՈՑԻ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԸ

 

img_4892
img_4892
img_4892

2021  թվականին «10 միլիոն ծառ»  համապետական ծառատունկի ժամանակ Գեղարքունիքի համայնքապետարանի կողմից նվիրաբերված 106 խորհրդանշական ծառերով հիմնեցինք դպրոցական այգին, բայց այնտեղ՝ հեռվում, մի փոքրիկ հողակտոր մնաց անմշակ, մնաց ստվերում, ու իմ հուշերում արթնացան «Կախարդական լավաշը» մուլտֆիլմի փոքրիկ հողակտորն ու Նաղաշի կախարդական լավաշը։
  Ես խնդրեցի իմ ուսուցչին, որ մեզ օգնի՝ այդ խոպան հողից ստանալ մի կախարդական հողակտոր, որի բարիքներից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները։ Ուսուցիչս բարի ժպիտով ընդունեց իմ առաջարկը.  այդ ժպիտում արտացոլված էին մինի այգի հիմնելու գաղափարի շուրջ  հավաքված բոլոր մարդկանց ժպիտները։
  Կարծես թե այս գաղափարը մի ձնագնդի լիներ, որը պտտվելով մեծանում էր և իր շուրջն  հավաքում մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը իր ձեռքն էր մեկնում՝ մեկը հողը փխրեցնելով, մեկը սերմացու տրամադրելով, մեկը՝ քաղհան անելով, մեկը մշակելու գործին մասնակցելով, մեկը ոռոգմանը մասնակցելով, մեկը՝ բերքահավաքին աջակցելով, և այս բոլոր «մեկերը» միասին դարձան մեկ ամբողջություն։
  Մինի այգին մեզ համար դարձավ ոչ միայն    բերքատու այգի, որից կարելի է սնունդ ստանալ, այլև  համախմբման  աղբյուր: Մենք համախմբվեցինք, դարձանք մի բռունցք, մի ողջ բազմություն՝ նույն բարի նպատակի համար ծառայող, որը սովորողների համար հայրենի հողերը չկորցնելու լավագույն օրինակ էր։

Աշուն է:  Շուտով բերքհավաք է,  պատրաստվում ենք դպրոցական «Փռի փառատոնին», որը  նվիրված է լինելու դպրոցական այգուն, քանի որ փռի /այրված աթարի մոխրի մեջ եփված կարտոֆիլ/ համար օգտագործելու ենք այգուց հավաքած կարտոֆիլը և այսպես եզրափակելու ենք այգու բերքահավաքի աշխատանքները։

  Ձեզ մեծ սիրով հրավիրում ենք մեր այգի, մեր խոհանոց՝ դառնալու մեր համ ու հոտի լավ ընկերը, քանի որ մե՜ծ հույսեր ունենք, որ հաջորդ տարի ևս կմշակենք ու կընդլայնենք մեզ համար սիրելի դարձած դպրոցական այգին,  հողագործական աշխատանքներից ստացած «քաջագործություններով» կուրախացնենք մեր տատիկներին ու պապիկներին, իսկ իրենց հաջողված փորձը կբերենք մեր այգի։ Թող կախարդական փայտիկը Ձեր հրաշագործ գրիչը ուղղի մեր դպրոց, մեր նոր, բայց այսքան սիրելի դարձած այգի, նոր եռանդ ու թափ հաղորդի մեր փոքրիկ, բայց հաստատ քայլերին։