ընտրացանկը

ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՐԻ ԱՄԱՌՍ

img_4886
img_4886
img_4886

 Մեծ հույսերով և անհամբերությամբ սպասում էի ամառային արձակուրդներին։ Ճիշտ է, այն մի փոքր ուշ սկսվեց, սակայն չխանգարեց ինձ՝ անմոռանալի հանգիստ ունենալու համար։ Դեռ ամառը չսկսած՝ ծնողներիս անդադար խնդրում էի, որ արձակուրդները գյուղից դուրս անցկացնենք, քանի որ միշտ երազել եմ ամառս հանգիստ ու ծովափնյա մի երկրում անցկացնելու մասին, սակայն դեռ հնարավորություն չեմ ունեցել։ Այս տարի այնպես ստացվեց, որ հնարավորություն ստացա մեկ շաբաթով   Երևան գնալու։ Այնտեղ անցկացրած առաջին երկու օրերին գյուղի մասին չէի էլ հիշում, կարծես քաղաքի ամբոխն ու տեսարժան վայրերը մոռացնել էին տալիս բնակավայրս։ Մի քանի օր անց Երևանի շոգն ու անտանելի եղանակը ստիպեցին կարոտել գյուղի զով ու մաքուր օդը, երբ ցանկանում էի դրսում անցկացնել օրս ու վայելել օդի մաքրությունն ու պարզությունը։ Ամեն անգամ ընտանիքիս հետ զրուցելիս հարցուփորձ էի անում գյուղի անցուդարձի, նորությունների մասին։ Մի քանի օր ևս քաղաքում անցկացնելուց հետո հասկացա, որ այն գյուղի կենցաղը, որ ձանձրալի էր մի ժամանակ, այժմ կարոտում եմ։  Քաղաքին մի լավ ծանոթանալուց հետո եկավ այն սպասված օրը, որ պետք է վերադառնայի իմ փոքրիկ գյուղը՝ կարոտած ու մի փոքր ոգևորված, որովհետև զարմանալի էր, որ մի օր կարող եմ կարոտել փոքրիկ ու հնացած տունս, գյուղի բնակիչներին, ովքեր ամբողջ օրը մխրճված էին իրենց ամառային գործերի մեջ։
Գյուղ վերադառնալուն պես առաջին բանը որ գրավեց ինձ,  նորաբաց մանկապարտեզն էր, որը տեսնելուն պես հիշեցի մանկությունս, երբ չկար վերանորոգված ու գեղեցիկ մանկապարտեզ, և տեսնելով  փոքրիկների ուրախ ժպիտները՝  չես կարող չերջանկանալ այդպիսի մեծ ձեռքբերման համար։ Ճանապարհին տեսա մի խումբ տղամարդկանց, ովքեր գյուղի մի հատվածում հավաքվել ու քննարկում էին աշխարհի անցուդարձը։ Մի մասը բեռնատար մեքենաներով խոտհնձից էին վերադառնում, հաշվի չառնելով տարվա երաշտը, յուրաքանչյուրը ձմեռվա ապրուստի միջոցն էր փնտրում։ Մի խումբ կանայք՝ հոգնած ու տանջված, բայց ծիծաղելով ու զրուցելով, բահերը ձեռքներին հողամաս էին բարձրանում։ Ճիշտ է, նրանք երիտասարդ էին, սակայն նրանց դեմքի կնճիռները ստվեր էին գցում իրենց երիտասարդ ու հոգսաշատ կյանքի վրա։
Ամառվա ձեռքբերումներիցս մեկը  բնությանն ավելի մոտիկից ծանոթանալն էր։ Մի շատ գեղեցիկ օր ընկերներիս և ուսուցիչներիս հետ արշավ կազակերպեցինք դեպի Աժդահակ լեռը՝ լեռան գեղեցկությանը ծանոթանալու համար։ Մենք հաճախ ձգտում ենք դեպի դուրս՝ բարձր գնահատելով օտարի ստեղծած բարիքներն ու մշակութային արժեքները, բայց այն, ինչ մեր բնությունն է ստեղծել, մարդկային ոչ մի էակ իր ձեռքերով չի կարող արարել։ Այն, ինչ ես ունեմ և այն, ինչը որ ես տեսա, չեմ կարող համեմատել աշխարհում ոչ մի հարստության հետ։ Մենք պետք է   սովորենք տարբեր լեզուներ  աշխարհը ճանաչելու համար, որպեսզի կարողանանք գնահատել մեր ունեցածը:

Պատերազմը ևս սովորեցրեց գնահատել այն, ինչ ունենք, քանի որ կարող ենք մի օր կորցնել ամենաթանկը, և այդ ամենաթանկը հայրենիքն է։                                    Ամառս լեցուն էր նոր բացահայտումներով և, ամենակարևորը, ձևավորված նոր աշխարհընկալումով։ Սիրե՛ք և գնահատե՛ք  մեր լեռնաշխարհը։

Սյաւզաննա Ավետիսյան