ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ, 2071Թ.
Հարգելի՛ երեխաներ ու ծնողներ, այսօր կխոսենք Հայաստանի ապագա կրթական համակարգի մասին։ 2071 թվականի հունիսի 16-ն է, Հայաստանի կրթության և գիտության նախարար Մոնթե Դարբինյանը հյուրընկալել է Գեղարքունիքի մարզային դպրոցական <<1+1>> թերթի խմբագրությանը:
Հարց-Պարո՛ն նախարար, ինչքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը համապատասխանում ժամանակակից պահանջներին։
Պատասխան - Քանի որ դպրոցական ծրագրեր կազմելը շատ բարդ խնդիր է, ուստի յուրաքանչյուր դասագիրք կամ տեսանյութ պետք է անցնի մի շարք մասնագետների (հոգեբանների, մաթեմատիկների, քաղաքագետների և այլն) ձեռքի տակով, քանի որ այդ նյութերով և ծրագրերով են ձևավորվում և կայանում մեր ապագա քաղաքացիները, և այդ ամբողջ փորձաքննությունը անցկացվում է Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի գիտական բուհերի անմիջական համագործակցությամբ։ Կարող եմ ասել, որ այդ բոլոր կապերը փոխադարձ են։
Հարց-Պարո՛ն նախարար, ինչո՞վ են տարբերվում մեր այսօրվա դասագրքերը և տեսանյութերը 50 տարի առաջ եղած դասագրքերից։
Պատասխան - Ես կփորձեմ օրինակի վրա տալ ձեր հարցի պատասխանը։ Ես երեկ աշխատանքից տուն վերադառնալիս ստացա կնոջս ուղարկած ցուցակը. նա խնդրեց՝ մտնեմ խանութ և գնեմ ինչ –որ լվացքի փոշի, իհարկե, ասաց թե ինչ, բայց մինչև ես հասա խանութ, մոռացա անունը: Անցնելով ապրանքատեսակով հարուստ խանութի հազար ու մի լվացքի փոշիների շարքով՝ կամա թե ակամա մտովի լսեցի գովազդի ազդեցության դերը մեր գիտակցության վրա: Ես դա չեմ սիրում լսել, բայց ես գնեցի այն լվացքի փոշին, որը գովազդում էր հեռուստացույցը։ Դա նշանակում է, որ դասագրքերը և տեսանյութերը կարող են մեզ ուղղորդել ինչպես դեպի պրոգրես, այնպես էլ կարող են հասցնել դեգրադացիայի (հետնահանջ)։
Ինչ վերաբերում է մեր պետության վաղ շրջանի դասագրքերին՝ դրանք ուղղորդված էին այն գաղափարախոսությամբ, որով մենք չկարողացանք կազմակերպվել, մնացինք մասնատված, օտարի շահերը գերադասեցինք մեզնից, ստեղծեցինք վախի մթնոլորտ, փակվեցինք կաղապարի մեջ, ատեցինք միմյանց, բայց, իհարկե, դժվարությամբ հաղթահարեցինք այդ դժոխքը։
Հարց-Պարո՛ն նախարար, ինչպե՞ս է խրախուսվում դպրոցներին կից էքսպերիմենտալ(փորձարարական) հողամասերում երեխաներին ներգրավելը։
Պատասխան - գաղտնիք չէ, որ մեզ բոլորիս պետք է ակտիվ առօրյա, մեր նպատակն է երեխաների մոտ սերմանել այն մոտեցումը, որ նա ստեղծագործի, այսինքն՝ դպրոցական տարիներից զբաղվի գիտությամբ։ Դրա համար էլ այդ հողամասը նույն լաբորատորիան է, որտեղ երեխան իր ձեռքով ստանում է արդյունք, որը կարող է լինել կամ արդյունավետ կամ ոչ այդքան, այսինքն՝ դա լաբորատորիա է բաց երկնքի տակ։ Հայաստանի բոլոր դպրոցներում կան 5-10 տարբեր բնագավառների լաբորատորիաներ, որտեղ մեր երեխաները զբաղվում են գիտությամբ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հոգեբանություն և այլն , և նրանք համագործակցում են աշխարհի շատ երկրների դպրոցների հետ։
Հարց-Պարո՛ն նախարար, ծնողները չե՞ն բողոքում, որ երեխաները շատ են ծանրաբեռնված։
Պատասխան – Իրոք, կան անհանգստացող ծնողներ, որոնց երեխաները ծանրաբեռնված են հազար ու մի խմբակների և լաբորատոր պարապմունքներով, բայց գիտական փորձը առաջադեմ երկրներում ցույց է տալիս, որ մարդու ուղեղը ունի ավելի շատ հնարավորություն, քան մենք օգտագործում ենք, դա աշխատում է հօգուտ թե՛ երեխաների և թե՛ ապագա պետական կազմակերպությունների։
Այսօր մեր յուրաքանչյուր շրջանավարտ գիտի 3-5 լեզու, որը թույլ է տալիս՝ ուսումնասիրել աշխարհը և ընդօրինակել ցանկացած լավագույնը։
Հարց-Պարո՛ն նախարար, քսան օր առաջ տեսանք, թե ինչպես Հայաստանի դպրոցական ալպինիստները առաջինը հաղթահարեցին Նեպալում կայացած մրցումներում։
Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։
Պատասխան - Հայաստանի բոլոր դպրոցներում տեսականորեն և գործնականորեն պարտադիր դասավանդում են ալպինիզմը, և մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական պատրաստվածությանը։
Բոլոր մարզերում կան կենտրոներ, որտեղ երեխաները անցնում են մարզական հավաքներ։ Ալպինիզմի հանրապետական դպրոցական կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզում այն պատճառով, որ մարզը ունի լեռնային սահմաններ ոչ բարեկամ պետության հետ։ Մեր երեխաները սիստեմատիկ կազմակերպվող հավաքների ժամանակ հսկողության տակ են անցնում ամբողջ սահմանի երկայնքով, ուսումնասիրում են տեղանքը, և այդ միջոցառումը շատ կարևոր է երեխաների հոգևոր աշխարհի ձևավորման գործում: Նման միջոցառումները բացահայտում են առաջնորդների, ովքեր աշխատում են մեր հայրենիքի տնտեսության տարբեր բնագավառներում։ Ալպինիստական խմբի երեխաները վարպետորեն տիրապետում են տեղանքին կողմնորոշվելուն, լեռնագնացությանը, սպորտային, լեռնային հեծանվավազքի, լեռնային մոտոցիկլների և փրկարարական այլ տեխնիկաների կառավարմանը։ Շնորհավորում եմ մեր երեխաներին՝ աշխարհում կայացած այդ մրցումներին արժանացած բարձր մրցանակի առթիվ: Դա խոսում է այն մասին, որ քրտնաջան աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը հաջողության հասնելու գրավականն են։
Հարց-Պարո՛ն նախարար, ո՞րն էր այն բեկումնալից քայլը, որ մեր հանրակրթության պետական համակարգում կարողացանք գրանցել առանջընթաց։
Պատասխան - Երբ մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, և 2021-2022 թվականների մի շարք սահմանափակումները ցույց տվեցին, որ ինչպես բանակում, այնպես էլ պետական համակարգում չկան բավարար քանակությամբ մոտիվացված առաջնորդներ, այդ տարիներից ի վեր դպրոցական համակարգը սկսեց իր ձևափոխումը՝ համագործակցելով աշխարհի առաջավոր դպրոցական համակարգերի հետ, և կազմվեցին նոր ցանկեր ու տեսանյութեր, որոնք երեխայի մոտ ձևավորում են ազատ քաղաքացու գաղափարը առանց բռնության և ատելության՝ պատրաստ գլխավորելու ու փոխելու մեր հայրենիքը ու աշխարհը այդ գաղափարներով։ Մյուս ամենակարևոր հանգամանքը տարբեր լեզուների տիրապետելն էր, որը հնարավորություն էր տալիս առցանց անցկացնել դասեր աշխարհի առաջադեմ ուսուցիչների մասնակցությամբ։
Հարց-Պարո՛ն նախարար, Դուք ի՞նչ կցանկանայիք ասել 2071թվականի մեր շրջանավարտներին։
Պատասխան – Հարգելի՛ երիտասարդներ, լսե՛ք ձեր ներքին ձայնը, ձեզ տրվել են այն անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը, որով դուք կարող եք հավասարապես սովորել Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և աշխարհի առաջավոր բուհերում և ստացած այդ գիտելիքները հետագայում օգտագործեք մեր հայրենիքի հզորության ամրապնդմանը։