ընտրացանկը

Հրատարակումներ

ՎԱՐԴԱՎԱՌ

vardavar
vardavar
vardavar

Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, այ Առաքելական ԵկՀեղեցու հինգ տաղավար տոներից է։
Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Վարդավառ տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն:
Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ: Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից:
Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին ,որ թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով: Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատիներեն՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի): Պավլոս Կարոլիդիսը 1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ
Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։Միհրան Թումաճանը գտնում էր, որ Սուրբ Կարապետի Վարդավառ տոնը հին զրադաշտական Վարդավառի շարունակությունն է։
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։
Վրդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ: Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել: Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ։
Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։
Վարդավառը ուխտագնացությունների տոն էր, ուխտագնացությունների համար ընտրվում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները։

  Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում: Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն:

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը Վարդավառի ծիսակատարությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Տոնակատարությունն իր մեջ ներառում է Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրությունը, ազգային երգ ու պար, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները, Վարդավառի շուրջպար և հին հայկական խաղեր:
Փառատոնին առաջկցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ:
Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին, գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը[1]։ Վարդենիսի բոլոր գյուղերի բնակիչները ջանում են այդ օրը ուխտի գնալ Կարճաղբյուր գյուղի հնագույն ուխտատեղին՝ Դաշ Կափուն: