ընտրացանկը

Հրատարակումներ

ՀԱՅՐԵՆՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻՑ

453
453
453

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով, ադրբեջանաթուրանական մինչեւ ատամները զինված բանակին եւ իսլամիստ գրոհայիններին հետ էին մղում մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողները, սակայն պատերազմի լուրը լսելով՝ ամբողջ հանրապետությունում միանգամից կազմվեցին կամավորական ջոկատներ և մեկնեցին մարտի դաշտ։ Մեր համայնքում ևս կազմակերպվեց կամավորների հավաքագրում, և մեր կամավորները ուղևորվեցին դիրքեր։ Այսօր շատերը մարտի դաշտում են և կռվում են հանուն հայրենիքի։ Նրանցից ոմանք վերադարձել են գյուղ և հյուրընկալվել «1+1» թերթի խմբագրություն։
Մեր հյուրերն էին կամավորականներ Օնիկ Ասպոյանը, Ռուբիկ Գրիգորյանը , Ավետիք Այվազյանը և Արմեն Կարապետյանը։ Զրույցը հայրենասիրական և դաստիարակչական բնույթ էր կրում։ Նաև խոսեցին, թե որտեղ են իրենք իրենց ժամկետային ծառայությունը անցկացրել․ Ավետիք Այվազյանը ծառայել է Արցախի Հանրապետության Մարտունի 3 շրջանում, Արման Կարապետյանը՝ Գորիսում, Ռուբիկ Գրիգորյանը՝ Մատաղիսում, իսկ Օնիկ /Գրիգ / Ասպոյանը կռվել է 90-ական թվականներին և մասնակցել տարբեր մարտերի․ այս օրերին իրենց կամավորական պարտականությունները իրականացրել են Օմարի լեռնանցքում։
-Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք պատերազմի մասին։
-Զգացմունքներին տեղի չտվեցինք, հասկացանք, որ կա մեր կարիքը, մենք պետք է լրացնենք մեր զինվոր եղբայրների շարքերը, որպեսզի ունենանք լիակատար հաղթանակ․ պատերազմի մասին լսելով՝ մի գիշերվա ընթացքում պատրաստվել ենք և մեկնել մարտի դաշտ։
-Իսկ պատերազմական գործողությունները թե՞ժ էին։
-Այո՛, շատ թեժ էին, առաջին օրվանից սկսած՝ թեժ մարտեր ենք մղել, սեպտեմբերի 27-ին գրավված դիրքը կարողացել են հոկտեմբերի 2-ին հետ գրավել ու ամրապնդվել, եղել է ժամանակ, երբ նույնիսկ չենք հասցրել հաց ուտել։
-Իսկ պարեն, հագուստ հասնու՞մ էր։
-Իհարկե, հասնում էր, հաճախ պարենով լցված տուփերից նամակներ էինք հանում, կարդում ու ավելի մեծ ոգևորությամբ մարտնչում․ ամենահուզիչը մանկատան երեխաների կողմից ուղարկած նամակներն էին։
-Իսկ ի՞նչն էր ձեզ ոգևորում։
Ոգևորող շատ բաներ կային․ առաջինը հայ ազգի միասնությունն է ու միասին մեկ մարդու նման պայքարելու կարողությունը, նամակներն էլ էին ոգևորում, ոգևորում էր նաև այն փաստը, որ մենք դիրքը գրավելուց տալիս էինք քիչ կորուստ, իսկ հակառակորդը մի մեծ մեքենայով դիակ էր տեղափոխում, դա մեզ համար հպարտություն էր։
-Ի՞նչ եք կարծում, մենք թշնամուն զրկու՞մ ենք կյանքի իրավունքից։ Մեր կամավորներից Ավիկը մեջբերեց Նժդեհի խոսքերը և ասաց․
«Ես թուրք եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- այդ խոսքերը ասում են ամեն-ինչ։
-Իսկ ի՞նչ քաղեցիք պատերազմից, ինչ տվեց այն ձեզ։
-Պատերազմը շատ բաներ տվեց մեզ,- պատասխանեց Արման Կարապետյանը,-
10 օր մարտեր մղելով հասկացա, որ պայմանագրային զինծառայողի աշխատանքը ամենակարևորն է, նրանք այդ աշխատանքի մեջ իրենց կյանքն են դնում, բայց չեն վարձատրվում ըստ արժանվույն, նրանք պետք է ոչնչի կարիք չունենան ու ստանան պետության կողմից մեծ աջակցություն, քանի որ նրանք մեր սահմաններն են պահում, իսկ հայրենիքը սկսվում է սահմանից։
- Պատերազմի ընթացքում հետաքրքիր, ծիծաղաշարժ դեպքեր եղե՞լ են։
Մինչև հոկտեմբերի 2-ը մարտերի մեջ էինք, հումոր անելու տրամադրություն էլ չկար, բայց լարված մթնոլորտը վերացնելու համար կատակներ անում էինք։
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա զինվորներին։
- Խորհուրդը մեկն է՝ լինել հայրենասեր, քաջ, գիտակցել, որ սա անում ես քո ընտանիքի, քո ընկերոջ ընտանիքի, քո ազգի համար։
-Իսկ պատերազմում գիտելիք պե՞տք է։
-Իհարկե, պարտադիր չէ, որ ունենաս բարձրագույն կրթություն, բայց պետք է ունենաս գիտելիք, որպեսզի գրագետ կռվես, հասկանաս, թե ինչպես օգտագործես ռեսուրսները, որ կորուստներ չունենաս։
Վերջում մեր ավագ կամավոր Օնիկ Ասպոյանը հայտնեց իր շնորհակալությունը մեր երիտասարդներին, ասաց, որ մենք պետք է հպարտանանք, որ ունենք նման տղաներ, շեշտեց՝ մեր ապագան հուսալի ձեռքերում է, որովհետև ունենք նման ժառանգներ, շնորհակալություն հայտնեց նաև նրանց, ովքեր ֆիզիկապես մեր կողքին չեն, բայց հոգեպես և նյութապես աջակցում են։ Եվ ավելացրեց, որ հարկ եղած դեպքում պատրաստ են նորից կանգնել դիրքերում ու բոլորով միասին փայլուն հաղթանակ կերտեն։

1+1 թերթի խմբագրություն