Հրատարակումներ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՐՍԱՓԻ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ
Ես՝ Ջուլիետա Արմենակի Ղուլյանս, ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Տեսել եմ երեք պատերազմ: 1992 թվականին սկսվեց առաջին պատերազմը։ Մենք չգիտեինք՝ դա ինչ բան է, որովհետև գործում էր գրադ, ալազան, պուշկա: Թխելու (խփելու) ժամանակ մենք հաշվում էինք, թե գրադ կայանից քանի հատ էին գցում Ստեփանակերտ քաղաքի վրա: Թեև մենք ապրում էինք նկուղներում, բայց դա այդքան սարսափելի չէր, որովհետև դրանց հանգստի ժամը գիտեինք ու այդ ժամերը օգտագործում էինք հաց, ջուր բերելու և այլ կարիքներ հոգալու համար: Մի կերպ պրծանք այդ պատերազմից, տարիներ հետո սկսվեց քառօրյա պատերազմը: Քառօրյայի ժամանակ խաղաղ բնակչությունը չէր տուժում: Ճիշտ է, մենք ունեինք զոհեր, բայց ոչ այսքան…. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10 րոպեին թափվեցին առաջին հարվածները Ստեփանակերտ քաղաքի վրա․ ռմբակոծում էին: Տեսանք, որ հնարավորություն չկա երեխաներին նկուղում պահել, այդ ժամանակ մեզ օգնության ձեռք մեկնեց Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Արայիկ Աբրահամյանը, ով մեքենա գտավ և երեխաներին հասցրեց իրենց տուն: Ես, լինելով այդ երեխաների տատիկը, չցանկացա իրենց հետ մեկնել Հայաստան, որովհետև տղաս և հարսս պաշտապնության նախարարությունում էին աշխատում, և ես պետք է նրանց կողքին լինեի: Մի քանի օր անց, երբ արդեն դրությունը ավելի վատացավ, ու այլևս հնարավոր չէր պաշտպանվել նկուղում, մեզ՝ կանանց, ավտոբուսով տեղափոխեցին Գորիս: Եվ նորից օգնության ձեռք մեկնեց Արայիկ Աբրահամյանը ու ինձ բերեց իր տուն՝թոռնիկներիս մոտ, իսկ տղաս և հարսս մնացին թշնամու երախում: Այժմ ես ինձ պաշտպանված եմ զգում այս ընտանիքում: Ես մաղթում եմ մեր բոլոր տղաներին քաջ առողջություն և զորություն, թող այլևս ոչ մի զոհ չլինի, քանի որ բոլորի հարազատները սպասում են իրենց զավակների վերադարձին: Մենք հաղթել ենք, հաղթում ենք ու պիտի հաղթենք:
Ես՝ Ջուլիետա Ղուլյանս, իմ շնորհակալությունն եմ հայտնում Արայիկ Աբրահամյանին՝ ընտանիքիս կողքին լինելու և մեզ պաշտպանելու համար:
Ես Ջուլիետա Սուրենի Բաղդասարյանն եմ, ծնվելեմ 2008 թվականի մարտի 1-ին, քաղաք Ստեփանակերտում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերը թիրախավորեցին խաղաղ բնակչությանը և սկսեցին գնդակոծել բնակավայրերը:Բոլորս խուճապի մեջ էինք: Երբ լսեցինք տագնապի ձայնը, բոլորով միասին իջանք նկուղները: Պատահում էր, որ մի քանի ժամով բարձրանում էինք տուն, բայց երբ կրկին տագնապի կամ կրակոցի ձայներ էինք լսում, կրկին իջնում էինք նկուղ: Ադրբեջանական զորքերը առավոտից երեկո գնդակոծում էին մեր քաղաքը, և մենք ստիպված էինք լինում նկուղներում անցկացնել մեր ամբողջ օրը: Նկուղում շատ երեխաներ կային, որոնց հետ կարծես մենք քույր և եղբայրներ լինեինք, մենք հոգ էինք տանում միմյանց մասին և ամեն ինչ կիսում իրար հետ: Սեպտեմբերի 29-ին ծնողներս որոշեցին, որ մենք՝ ես, քույրս և եղբայրս, պետք է դուրս գանք Ստեփանակերտից, և մեզ ուղարկեցին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղը՝ մեր հարազատի տուն: Ստեփանակերտից մենք մեքենայով հասանք Հայաստանի սահման, որտեղից էլ մեկ այլ մեքենայով մեզ բերեցին Գեղարքունիքի մարզ: Մի քանի օր անց մեզ միացավ նաև իմ տատիկը, իսկ ծնողներս դեռ Ստեփանակերտում են: Մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում: Այստեղ հաճախում ենք դպրոց և ձեռք ենք բերել շատ ընկերներ,որոնց հետ խաղում ենք նաև դասերից հետո: Մեր նոր ուսուցիչներն ու դասընկերները մեզ շատ են սիրում ու հարգում, և այդ ամենը փոխադարձ է: Ես սովորում եմ 7-րդ դասարանում, եղբայրս՝ 9-րդ, իսկ քույրս՝ 3-րդ: Մենք շատ ենք կարոտում մեր քաղաքը, մեր դպրոցը և մեր հարազատներին ու հուսով ենք, որ այս պատերազմը շուտ կվերջանա, և մենք նորից կանցնենք մեր անհոգ կյանքին Ստեփանակերտում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Ջուլիետա Բաղդասարյան
Ք․ Ստեփանակերտ