ընտրացանկը

Հրատարակումներ

ԹԻԿՈՒՆՔԸ ՄԻՇՏ ԶԳՈՆ Է

 

14
14
14

Հոկտեմբերի 7-ին «1+1» թերթի խմբագրությունը Գեղարքունիք գյուղի մի խումբ ուսուցիչների հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի սահմանամերձ փոքրիկ Շատվան համայնք, որը ևս պատերազմական այս օրերին ենթարկվեց ռմբակոծությունների։ Մեր խմբի նպատակն էր՝ հոգեբանական օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին և նրանց ծանոթացնել քաղաքացիական պաշտպանության նորմերին օդային տագնապի ժամանակ։ Հասնելով Շատվան՝ հանդիպեցինք մի տարեց տղամարդու, ում հետ զրուցեցինք երկրում տիրող իրավիճակի մասին։ Լսեցինք նաև իր կարծիքը։
Մեր հարցին, թե արդյոք տեղեկացված է՝ ինչ պետք է անել օդային տագնապի և իրազեկումների դեպքում, նա պատասխանեց։
- Իհարկե, տեղեկացված եմ, համայնքի բնակիչներին ևս փորձել եմ իմ ուժերի ներածին չափով տեղեկացնել այդ ամենի մասին։ Հորդորել եմ՝ զերծ մնալ հեռախոսազանգերի ընթացքում պատերազմական իրավիճակի վերաբերյալ քննարկումներից, ինչպես նաև չտարածել չճշտված տեղեկություններ և հավատալ միայն պաշտոնական լրահոսին։
Հանդիպեցինք նաև համայնքի այլ բնակիչների և նրանց ևս հորդորեցինք՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և համացանցում վիրավոր կամ անհայտ կորած զինվորների լուսանկարները տարածելուց։ Եղանք նաև Մեծ Մասրիկ գյուղում, համայնքի բնակիչներին բաժանեցինք թռուցիկներ՝ «Քաղաքացիական պաշտպանություն օդային տագնապի դեպքում» թեմայով։
Այցելեցինք նաև ուրիշ համայնքներ՝ Ծովինար, Արծվանիստ, Վարդենիկ և այլ, համայնքապետարաններին տվեցինք «1+1» թերթի կողմից տպագրված թռուցիկները և խնդրեցինք, որ բաժանեն համայնքի բնակիչներին։
Կարծում եմ՝ մեր այցը ստացված էր։ Ճիշտ է, բնակիչները որոշ չափով իրազեկված էին, բայց մենք ևս մեկ անգամ փորձեցինք աջակցել․․․


1+1 թերթի խմբագրություն