ընտրացանկը

Հրատարակումներ

Պատերազմ

 ՊԱՏԵՐԱԶՄ… 

45
45
45

  Հազարավոր մարդկանց կորուստ, խեղված ճակատագրեր…

  Նորից իմ բազմաչարչար հայրենիքում պայթեցին արկերը, զոհվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ, ովքեր ապրում, արարում են իրենց երկրում, արդար քրտինքով վաստակում   հանապազօրյա հացը:

     2020թ. սեպտեմբերի 27…

    Ցեղասպան Թուրքիան  որոշեց իր արյունակից, խամաճիկ Ադրբեջանի  ձեռքով ավարտին հասցնել  իրենց արյունարբու նախնիների ծրագրած, բայց  տրամաբանական ավարտին չհասցրած, հարյուրամյա  կիսատ թողած գործը՝ բնաջնջել հայերին,  հայրենազրկել և իրագործել պանթուրքիզմի ծրագիրը՝ ստեղծելով  Մեծ Թուրան՝  Բոսֆորից   Սիբիր:

 Սակայն նրանք անտեսել էին Վարդանանց, Վահանանց պատերազմների, Սարդա-րապատի  հերոսամարտի  դասերը:  Արդյունքում՝  մեր սահմանները անսասան են, հայ  ժողովուրդը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ միակուռ, ամուր կանգնած իր հողին:

     Սահմանում  չկարողանալով  լուրջ  առաջխաղացում  ապահովել՝     ադրբեջանցիները  սկսեցին   թիրախավորել  խաղաղ  բնակավայրերը:  Կատաղած թշնամու  անօդաչու  սարքերի  թիրախավորված  հարվածներից  զերծ չմնաց   Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզը, մասնավորապես՝ Վարդենիսի սահմանամերձ գյուղերը:

   Տեղեկանալով Վարդենիսի սահմանամերձ գյուղերի  ռմբահարման մասին՝ <<1+1 >>  դպրոցական  թերթի խմբագրության նախաձեռնությամբ տպագրվեց և բազմացվեց  «Քաղաքացիական պաշտպանություն  օդային տագնապի դեպքում»  իրազեկման թերթիկը: Թերթի խմբագրությունը,  համագործակցելով ԱԻՆ-ի հետ, որոշեց  դպրոցի ուսուցիչներից կազմված  մի խումբ ուղարկել Վարդենիսի սահմանամերձ գյուղերը՝ սատար կանգնելու,  ոգեշնչելու  բնակչությանը և թերթիկների օգնությամբ իրազեկելու բնակիչների  գործողությունների մասին  հնարավոր օդային տագնապի  դեպքում:

   Որոշվեց  Վարդենիս  մեկնող    ուսուցիչներին  բաժանել երկու խմբի, որպեսզի նրանք կարողանան շրջել  սահմանամերձ գյուղերի բոլոր թաղամասերում:

    Առաջին  կանգառը  սահմանամերձ  Շատվան  գյուղն  էր: 

    Մի պահ մեզ թվաց, թե գյուղացիները լքել են իրենց տները, սակայն  երբ խորացանք գյուղամեջ, զարմանքից կարկամեցինք: Կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել: Գյուղացիները զբաղված  էին  իրենց  ամենօրյա  աշխատանքով, ոմանք էլ՝ բերքահավաքով: Տեսնելով անծանոթ մարդկանց՝ նրանք  շրջապատեցին մեզ: Մեր զրուցակիցներից նախկին գյուղապետ Լյովա Աբրահամյանը և դպրոցի փոխտնօրեն տիկին Նինան, միմյանց լրացնելով,  ներկայացնում էին գյուղի պատմությունը: Բաքվից ու Կիրովաբադից ներգաղթած և Շատվանում բնակություն հաստատած հայորդիները ամուր կանգնած են հայրենի հողին, և ընկրկելու տեղ չկա:  Գյուղացիներից մեկը մեզ ուղեկցեց  իր  տնամերձը,  ուր  մխրճվել  էր  թշնամու ականը՝ ճանապարհին  հրկիզելով ամեն ինչ: Մեր հարցին, թե չեն վախենում թշնամու հնարավոր հրետանակոծությունից, գյուղացիների պատասխանը մեկն էր՝ հզոր բանակին ամուր թիկունք է պետք:

- Մենք այստեղ մեր որդիների, հայ զինվորի կողքին ենք և պահում ենք նրանց թիկունքը:

   Մեր հաջորդ կանգառը սահմանամերձ Մեծ Մասրիկ գյուղն էր, որը Վարդենիսի ամենամեծ համայնքներից է: Համայնքը ևս Արցախի գյուղերի նման թիրախավորվեց և ռմբահարվեց: Արդյունքը անդառնալի էր՝ մեկ զոհ և երկու վիրավոր:

    Հայ  մայրերի, կանանց, քույրերի հավատը հաղթանակի հանդեպ, մեր եղբայրների , հայրերի անսասան կամքը, սերը մեր սուրբ հայրենիքի նկատմամբ  անքննելի է: Ամուր է մեր թիկունքը, իսկ հզոր բանակին, առաջնագծին պահողը ամուր թիկունքն է:

 Ահա այս մտորումներով մենք վերադարձանք՝ ճանապարհին սահմանամերձ համայնքներում բաժանելով  իրազեկող թերթիկները:

  Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք :

Ջեմմա Խաչատրյան