ընտրացանկը

Հրատարակումներ

Իրազեկում

6
6
6

Հարգելի՛ քաղաքացիներ, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և պետք է գիտակցենք, որ եթե թշնամին կրակում է սահմանամերձ բնակավայրերի կամ Արցախի ուղղությամբ, չի կարող չդիմել սադրանքի ուրիշ բնակավայրերի ուղղությամբ եւս։ Դրա համար պետք է լինել զգոն եւ ձեռնարկել համապատասխան քայլեր հետեւյալ իրավիճակների դեպքում:
-Ուշադի՛ր եղեք անծանոթ մարդկանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք կհայտնվեն ձեր համայնքում, փորձեք պարզել նրանց ինքնությունը, նկարե՛ք սմարթֆոնով, անհրաժեշտության դեպքում զանգահարե՛ք 911 / փրկարարական ծառայություն/ ։
- Ուշադի՛ր եղեք դաշտերում օտար մարդկանց և ավտոմեքենաների շարժին, տեղյակ պահեք համայնքի ղեկավարին։
- Նկուղային հարկերը կարգի՛ բերեք և հարմարեցրե՛ք թաքստոցային պայմաններին։
-Համայնքում սահմանե՛ք և կազմակերպե՛ք գիշերային հերթապահություն։
- Համայնքային ջրամբարները վերցրե՛ք հսկողության տակ։
Հարգելի՛ հայրենակիցներ, այս բոլոր միջոցառումները պարտադիր են, եղե՛ք զգոն, թույլ մի՛ տվեք սադրիչներին՝ ներթափանցել ձեր համայնքներ։


Գեղարքունիքի մարզային փրկարարական

վարչության Փ/Ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյան

ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում՝
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ /ՏԱՏԱՆՎՈՂ/
ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ։
Զանգվածային լրատվամիջոցներով և բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ, հայտարարված է «Օդային տագնապ», խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՏՆՎԵԼԻՍ
 Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողություններին։
 Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում։
 Բաց տարածքում կարելի է թաքնվել ճանապարհամերձ առվակներում, հեղեղատարներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների /պատերի/ հետևում։
 Եթե թաքստոցի պատնեշը չի բավարարում կանգնած կամ նստած պատսպարվելու համար, ապա անհարժեշտ է պառկել դեմքով դեպի ներքև՝ ձեռքերով փակելով գլուխը։
 Թաքնված դիրքում հայացքով գնահատել տարածքում կարճ արագավազքով տեղաշարժման և միջանկյալ պատսպարման հնարավորությունները և հրետակոծության դադարի դեպքում արագ տեղաշարժվել առավել անվտանգ վայր։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է
շչակների միջոցով՝ անընդհատ /չընդհատվող/ ձայնային ազդանշանով
/2-3 րոպե տևողությամբ/, որից հետո անհրաժեշտ է հետևել հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։

ԹԱՔՍՏՈՑՆԵՐ
Թաքստոցները շենքերի և շինությունների նկուղներն ու կիսանկուղներն են, ստորգետնյա շինությունները, բնական միջավայրի խորացված տարածքները, խորշերն ու անձավները, հանքախորշերը, ստորգետնյա անցումները։
ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ ԿԱՄ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐՆ ԸՆՏՐԵԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, ՈՐ՝
 Թաքստոցներն ու պատսպարման վայրերը պետք է ընտրել հնարավոր խոցման ռազմավարական թիրախ հանդիսացող օբյեկտներից հնարավորինս հեռու։
 Պատսպարման վայրերը պետք է ընտրվեն այն տեղերում, որոնք չունեն լրացուցիչ կամ երկրորդային խոցման հնարավորություն, օրինակ՝ ջրաողողման կամ փլուզումների հետևանքով ելքերի փակում։
 Նախապես ընտրել և օդային տագնապի դեպքում զբաղեցնել այնպիսի թաքստոցներ, ինչպիսիք են խցերը, նկուղային հարկերը, ստորգետնյա կառույցները, թունելները, խորշերը և այլն, որոնք օժտված են առավելագույն պաշտպանական հատկություններով։
 Զբաղեցնել, սարքավորել և կահավորել այնպիսի թաքստոցներ, որոնք հնարավոր կլինի առավելագույնս քողարկել և օգտագործել բազմակի անգամներ։
ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ԹԱՔՍՏՈՑՆԵՐ ԿԱՀԱՎՈՐեԼԻՍ ԱՅՆՏԵՂ ՈՒՆԵՆԱԼ՝
 Առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ,
 Որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր,
 Նստատեղեր, մահճակալ, տաք ծածկոցներ, անհրաժեշտ այլ իրեր,
 Կապի միջոցներ /հեռուստացույց, ռադիո և այլն/
 Լապտերներ, մոմեր /նավթավառ/ , լուցկի,
 Շնչադիմակ /այլ անհատական պաշտպանության միջոցներ/,
 Որոշակի գործիքներ /լոմ, բահ, մուրճ /կռան/ և այլն/՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար,
 Երեխաների համար խաղեր, խաղալիքներ և այլն։