ընտրացանկը

Հրատարակումներ

Ո՞վ ենք մենք

Բարև Ձեզ, հարգելի՛ ընթերցողներ, ես ապրում եմ  Վարդենիս քաղաքում, հայրս  մեկնում է արտագանա սեզոնային աշխատանքի, մայրս զբաղվում է մեր տնամերձ հողամասով, աճեցնում ենք ամեն ինչ, ստացված մթերքը պահածոյացնում ենք  ձմեռվա համար։Ունեմ երկու քույր, մեծը արդեն ամուսնացած է, ում ամուսինը հորս հետ  մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ մյուս քույրս ինձանից փոքր է ։ Ես սիրում և հարգում եմ իմ ուսուցիչներին, չէի ասի, որ ես շատ լավ եմ սովորում, բայց վատ էլ չեմ սովորում։ Մենք ապրում ենք  երկհարկանի մեծ տանը, որը ունի շատ սենյակներ, բոլոր սենյակները կահավորված են, բայց ապրում ենք առաջին հարկի սենյակներից մեկում, որտեղ դրված է վառարանը։Ունենք ավտոմեքենա, ցավոք, ես դեռ այն վարելու իրավունք չունեմ։ Երբ հայրս վերադառնում է արտագնա աշխատանքից, մայրս տան համար մի նոր բան է առնում, որպեսզի ուրիշներից  հետ չմնանք։ Անցած տարի վաճառեցինք մեր հին մեքենան և նոր  մոդելի մեքենա գնեցինք։

Երբ սկսվեց պատերազմը, հայրս Հայաստանում  չէր, ինչպես միշտ, մեկնել էր արտագնա աշախատանքի։ԱԹՍ֊ների  հարձակումից Վարդենիս քաղաքը խուճապի մեջ էր, բոլորը փնտրում էին ապահով վայր՝ դեպի այլ մարզեր, բարեկամների մոտ։ Մենք էլ էինք ուզում գնալ, բայց չստացվեց, քանի որ մեր մեքենայի մարտկոցը ես տվել էի  իմ ընկերոջը, ով հովիվ էր և իր ոչխարի հոտի հետ սարերում էր։ Երկու օր անց ես հասկացա , որ մենք ճիշտ ենք վարվել և չենք հեռացել մեր տնից․ ես շատ եմ սիրում մեր տունը։

Այդ երկու օրը, ինչ մենք տեսանք և լսեցինք, իմ կյանքում շատ բան փոխեցին մինչ այդ կյանքի հանդեպ ունեցած իմ պատկերացումներում։

Պատերազմը ավարտվեց մեր հայրենիքի համար շատ ցավալի ելքով։

Դպրոցում երբ երեխաներով կռվում  էինք, ես միշտ թույլի կողմն էի անցնում, երևի դա է պատճառը, որ հիմա ես ավելի քան առաջ զգում եմ պատասխանատվություն մեր հայրենիքի հանդեպ․ պատերազմը ցույց   տվեց մեր   թույլ կողմերը։

Եթե մինչ այդ ինձ հարցնում  էին՝ ինչ եմ ուզում դառնալ, ես հակված էի մտածել, որ հորս հետ  կմեկնեմ արտագնա   աշխատանքի, փող կաշխատեմ, Երևանում  բնակարաններ կգնենք, վարձով կտանք, իսկ հիմա․․․

Չգիտես ինչու, իմ մոտից անհետացավ նյութապաշտական  զգացողությունը, իսկ տեղը ամուր  մխրճվեց պատասխանատվության զգացումը  իմ բարեկամների, համաքաղաքացիների, կարիքավորների և ուղղակի լավ մարդկանց նկատմամբ։

Ես որոշել եմ սովորել Երևանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետում ու ավելի հասու լինել ճշմարտությանը, քանի որ մեր դասագրքերում ամեն ինչ չէ, որ  գրվում է մեր պատմությունից։

Ես որոշել եմ ուսումնասիրել  մեր պատմության ոչ միայն դրական, այլ  նաև սև և խայտառակ էջերը։  Երևի   թե նրա համար, որպեսզի հասկանամ ՝ո՞վ ենք մենք։   Այս հոդվածը գրելուց    երկու օր առաջ  քույրս ինձ հարցրեց,  թե  ես ուզու՞մ եմ դառնալ պատմաբան։ Ես ընկա մտորումների մեջ․   երևի թե  պատմաբան դառնալը իմ երազանքը  չէ, երևի  ինձ  պետք է հասկանալ մեր ինքնությունը, իսկ ես ավելի շատ  կուզեի դառնալ մարզպետ, աշխատել մեր մարզի զարգացման համար։

 Երեկ  լսեցի, թե ինչպես  հայրս մորս առաջարկեց տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն բնակության, քանի որ այս   ձմռանը  ինքը չի գալու ՝   աշխատանքը չի ավարտել  և մյուս կողմից էլ վախենում է , որ համավարակի պատճառով կարող   են չվերթեր չլինել։

Հորս այս միտքը իմ պլանների մեջ չի մտնում, բայց ես այդքան էլ չեմ տխրում , քանի որ  այս հարցում  մայրս գաղափարակից է իմ հետ․ դժվար թե հայրիկիս հաջողվի համոզել երկուսիս։

Այս հոդվածի հեղինակը Վարդենիս քաղաքի դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտներից է, ով ցանկանում է մնալ անհայտ։