ընտրացանկը

Հրատարակումներ

ՎԱՐԴԵՆԻԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

11
11
11
1
1
1
img_2823
img_2823
img_2823

Վարդենիկ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի հարավային ափին, Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում։ Գյուղական բնակչության քանակով համարվում է երկրորդը մեր հանրապետությունում, Ներքին Գետաշենից հետո։ 1828 թվականին Արևմտյան Հայաստանի  Ալաշկերտ, Սասուն և Մուշ գավառներից  գաղթած մեր հայրենակիցները հիմնել են գյուղը։ Համայնքը պետության զարգացմանը նպաստում է ոչ միայն մշակույթի, գյուղատնտեսության, անասնապահության կամ տնտեսական աճի  ոլորտներում, այլ նաև՝ հայրենիքի պաշտպանության   գործում։

1992-1994 թվականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայոց բանակի շարքերում թշնամու դեմ մաքառեցին վարդենիկցի բազմաթիվ քաջորդիներ՝ իրենց անունները փառքով պսակելով ռազմաճակատների տարբեր հատվածներում։Վարդենիկցի կամավորների ջոկատը հպարտորեն կրում էր ,, Գայլավաշտ,, անվանումը։ Վարդենիկցիներն աչքի ընկան նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։

2020  թվականի   սեպտեմբերի 27-ի   հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի մասնակցությանը անմասն չմնացին  Վարդենիկի զավակները, ովքեր  հայրենիքին իրենց պարտքը կատարելիս և սխրանքներ  գործելիս  անմահացան, իրենց երազանքները կիսատ թողեցին,   բայց   պայքարելու  հզոր ոգին թողեցին իրենց հարազատներին նրանք շարունակում են իրենց պապերի գործը  փառք ու պատիվ  մեր հերոսներին՝

Աբրոյան  Արսեն Ռուբիկի

Արշակյան Տիգրան Խաչիկի

Ավետիսյան Հարութ Աշոտի

Մինասյան Արմեն Սմբատի

Օհանյան Վահան Սուրիկի

Գևորգյան Հակոբ  Ասատուրի

Ալաշկերտ գավառի Ուրուքենդ գյուղից Վարդենիկ գաղթած Աբրոյանների տոհմը նորից պայքարի ելավ հայրենիքի պաշտպանության համար։ Ռուբիկ և Անժելա Աբրոյանների որդին՝ Արսենը, զորակոչվել էր հայոց բանակ և իր պարտքն էր կատարում  ՄԵղրիի  տարածաշրջանի  Ագարակի զորամասում։ Մասնակցել  է հայ ֊ ադրբեջանաթուրքական  պատերազմին։ Մայրը՝ տիկին Անժելան, արցունքները խեղդելով պատմում էր  հերոս որդու մասին, նշում էր, որ նա տարբերվում էր մյուսներից, հարգում էր մեծերին, աշխատասեր էր, լսող և շատ խելացի։ Արսենը, երբ 7 տարեկան է լինումվայր է ընկնում և վնասում  բրոնխատար անոթները։Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ մայրը լաց է լինում, ինքը փորձում է հանգստացնել մորը, սրբում է արցունքները, թեև  զգում է, որ իր ձայնը  տարօրինակ է։ Մայրը  երբեք  չի մոռանում Արսենի խոսքերը  ասում էր  « Ուզում եմ խելոք մնալ, բայց չեմ կարողանում»։  Սիրում էր  զբաղվել  սպորտով, ապագա  բռնցքամարտիկ էր, բայց  թողնում  է  սպորտով զբաղվելը  և որոշում է  օգնել  ծնողներին։

Շատ  տնտեսական տղա  էր․ այդպես են բնորոշում նրան թե՛ ընտանիքի անդամները, թե՛ մանկավարժները։ Ճիշտ է,  դպրոցը գերազանցությամբ   չի ավարտել,  բայց ունեցել  է բազմաթիվ շնորհներ։Նրա մասին մեծ  հիացմունքով  է խոսում  Վարդենիկի 1 հիմնական դպրոցի տնօրեն  Թաթուլ  Ալոյանը։  Նա  միշտ զարմացել է Արսենի ռազմահայրենասիրության վրա, պատմում է , որ  ՆԶՊ-ի դասալսումների ժամերին նա միշտ զարմացրել է իր ռազմական գիտելիքներով և պատրաստվածությամբ։  Մինչ կայրվեր լուցկու հատիկը, նա քանդում, հավաքում էր զենքը․  դա  նրա  հոբբին էր։                                                              

Տիկին Անժելան  պատմում  է, որ երբ  Սիսիանում մասնակցում  է զինավարժությունների  և զբաղեցնում  առաջին տեղը,    ծնողներին  չի ասում, այդ մասին տեղյակ են լինում Տիգրանից,  ով իրենց հարևանն էր և Արսենի զինակից  ընկերը։

Զինակից ընկերների  պատմելով՝  նա խելացի զինվոր էր,  պատվով էր կատարում  իրեն տրված բոլոր առաջադրանքները , լավ նռնականետորդ էր, տիրապետում  էր հինգ մարտական զենքի։  Պատերազմի հենց առաջին օրվանից նրան   Ագարակից  տեղափոխում են   Ջաբրայիլ, բայց նա մենակ չէր, ինչպես գյուղում և նաև զորամասում,  նրա հետ  էր  իր անբաժան ընկերը՝  Տիգրանը։ Նրանք  անբաժան էին  և միշտ պատվով էին դուրս գալիս ցանկացած առաջադրանքից։  Երբ զինվորներին  հայտնում են պատերազմի լուրը և բացատրում , որ իրենք նույնպես պետք է  մեկնեն առաջնագիծ, Տիգրանը և Արսենը ինքնակամ դուրս են գալիս շարքից և հայտնում իրենց պատրաստակամ լինելու մասին։ Ընտանիքի անդամներին չեն ասում, որ իրենք  առաջնագծում են, երբ հոկտեմբերի 7-9֊ը ընկած ժամանակահատվածում  լուր չեն ունենում, մայրական բնազդը և իրավիճակի լարվածությունը մտահոգվելու տեղիք էին տալիս ։  Առաջնագծում երեք օր կատաղի մարտերում կռվել են թուրքերի և ահաբեկիչների դեմ։

Թեժ կռվի պահին ընկերներից մեկը գոռում է, թե Արսենն ընկավ։ Հրամանատարը, տեսնելով  Արսենի կրծքավանդակից հոսող արյունը, նրան գրկած  փորձում է տեղափոխել և այդ ժամանակ վիրավորվում է նաև ինքը։   երջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր՝ մնաց 98 օր,  սակայն  շրջափակման մեջ ընկնելով 98 ֊երորդ օրը նա անմահացավ բեկորային վնասվածքից։  Երազանքները մնացին  կիսատ։

            Հերոս  Տիգրան  Արշակյանի   նախնիները եկել են  Մուշից։ Նա    իր պապերի արժանի զավակն էր  և անմահացավ , որ  մենք խաղաղ ապրենք։ Արշակյանները  հասարակության արժանի  մարդիկ են, պատվով   են դուրս գալիս բոլոր փորձություններից,    մասանգիտացված են թե՛ գյուղատնտեսության, թե՛ շինարարության  և թե՛ բժշկության մեջ։    «Տիգրան Մեծ»,- այդպես նրան բնորոշեց դպրոցի տնօրեն պարոն Ալոյանը,- նա  առաջնորդ  էր,   խելացի , մարդամոտ, ընկերասեր,   վայելում էր հասարակության   սերը և հարգանքը։ Դասավանդող  ուսուցիչները   նրան որակավորում  են որպես լավ վարքի տեր  աշակերտ, նպատակասլաց էր, ձգտում էր ինքնուրույն հասնել իր նպատակներին։ Շատ է սիրել մեքենա վարել , հմուտ վարորդ է եղել, մարտական գործողություններից հետո թշնամու  թողած մեքենաներից  մեկը բերում է և ասում, որ սա իրենց պետք է գալու։ Ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք է կարողացել գտնել։  Ընկերները պատմում են, որ երբ ԱԹՍ-ն  սկսել է հրետակոծել, իրենք նահանջել  են՝  թողնելով այնտեղ իրենց զենքը, սակայն գիշերը  Տիգրանը  ըկերոջ հետ կարողացել է մոտենալ զենքին և նրա վրայից հանել կարևոր դետալը և հետ բերել։ Տիգրանը ոտքից վիրավորվում է, այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենան վարում է 130 կմ և ընկերներին հասցնում  փոքր հոսպիտալ և էլի հետ վերադառնում դիրքեր։  Հոկտեմբերի 10-ին  երկրորդ անգամ  Տիգրանը վիրավորվում է / Արսենի մահանալուց 30 րոպե առաջ /, 4 ընկերներով նրան մեքենայով տեղափոխում են և հենց այդ պահին ԱԹՍ֊ն  հրթիռակոծում է ամբողջ տարածքը; Ընկերները ասում են , որ միչև այդտեղ էլ Տիգրանի շնորհիվ իրենք փրկվեցին։ Ընկերները նրան տեղափոխում են Գորիսի հոսպիտալ, առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան  տեղափոխում են Երևան, սակայն նա գտնվում էր կոմայի մեջ,  բայց  երբ մայրը ձայն է տալիս, նրա աչքից արցունք  է գալիս։    Հոկտեմբերի 14-ին  նա մահացավ․ մայրը կողքին էր։

 «Նա  շատ ուրախ էր, որ բանակ էր գնալու,  քեֆ արեցինք, հիշում եմ , երբ արդեն ճանապարհում էինք, բոլորս լացում էինք․  փաթաթվեց ինձ ու ասաց, որ  երկու տարին շուտ կանցնի,  կծառայի ու կգա» ։

 Ծառայության ընթացքում ոչ մի անգամ չի բողոքել, շատ ուրախ էր, ծառայությունը շատ լավ էր անցնում, ծառայում էր Մեղրիում։ Ես միաժամանակ և՛ հպարտ եմ, և՛ տխուր, որովհետև ինքը իմ ու իմ ընտանիքի հույսն էր, Տիգրանը իմ ամուր թիկունքն էր, ումով  ես հպարտացել եմ, հպարտանում եմ ու դեռ հպարտանալու եմ։
Տիգրանի ուսուցչուհիներից մեկը պատմում է, որ նա շատ ընկերասեր էր,  ընդունակ էր։ Հպարտ ենք մեր Տիգրանով․  արցունքները խեղդելով  և ցավը թաքցնելով    Արշակյանները հորդորում էին , որ  համախմբված մնանք, որ հայրենիքը ամենանվիրական բանն է․ իրենց որդին անմահացավ, բայց իր հետևից թողեց մաքուր և անաղարտ  քաջ զինվորի տոկուն հոգին։

 

1+1 ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ,

ՎԱՐԴԵՆԻԿԻ Ռ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ