ընտրացանկը

ՓԵՏՐՎԱՐ 2021 N 2

NUMBER IN PDF
 

 Իզուր չեն ասել՝ հերոսներ չեն դառնում, հերոսներ ծնվում են: Իրո՛ք, ի ծնե հերոսներ էին Գավառի Արծվաքար թաղամասի արծիվները, հերոս ծնված և հերոսացած մեկ այլ քաջի՝ Գեորգի Մնացականյանի անունը կրող դպրոցի սաները՝ Անդրանիկը, Արմենը, Արամը:

   

inshot_20210225_080417140
inshot_20210225_080417140
inshot_20210225...

Ասում են նաև, որ ոչինչ պատահական, հենց այնպես չի լինում: Ուշադրություն դարձրի՞ք նրանց անուններին և անվան սկզբնատառերին: Երեքն էլ Ա, Արմեն՝ հայ,Արամ՝ Հայկի որդի,Անդրանիկ՝ հայոց փառապանծ զորավար:

    Գուցե հենց այնպես չէին անվանակոչել նրանց ծնողները,այլ կանխազգալով, որ նրանք էլ փառքի դափնին ճակատին անմահանալու են և ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ մենք Հայկի սերունդներն ենք:

   Նրանցից ամեն մեկը մի անհատականութուն է, հային բնորոշ յուրահատուկ գծերի մարմնացում,գուցե պատահական չէր նաև այն, որ հենց Անդրանիկը դարձավ անդրանիկ նահատակ՝ բացելով մյուսների առջև անմահության ճանապարհը:

   Միջին դասարաններում բարձր առաջադիմությամբ չէր փայլում, սակայն պարտաճանաչ էր, հարգալից և ուշադիր: Ոչինչ աչքից չէր վրիպում, կարողանում էր արագ կողմնորոշվել և վճռական որոշումներ կայացնել: Ընկերասեր էր, բոլորին օգնելու պատրաստակամ: Նույն վճռականությամբ էլ դպրոցն ավարտելուց հետո ծառայեց Հայոց բանակում և որոշում կայացրեց՝ դառնալ զինվորական, ծառայել հայրենիքին:

Երկու տարի առաջ էր: Հանդիպեցինք կանգառում: Կանգնեցրեց ավտոմեքենան, հարգանքով բաց արեց դուռը և հրավիրեց նստել: Զրուցեցինք  մինչև տուն հասնելը:

 - Ինպե՞ս է, որ ծննդավայրում ես,- հարցրի:

- Արձակուրդում եմ ,- պատասխանեց:

- Ուզում եմ ամուսնանալ, ընտանիք կազմել:

Ապա իմ հետաքրքրասեր հայացքին ի պատասխան՝ տվեց աղջկա անունը, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ:

Լսելով իմ հավանությունը և գովեսի խոսքերը աղջկա մասին՝ ասաց.

-Շատ շնորհակալ եմ. Ինձ համար անչափ կարևոր էր ձեր կարծիքը: Շնորհակալ եմ նաև Ձեզ և մեր բոլոր ուսուցիչներին ՝ ձեր տված գիտելիքների համար, որոնք մեզ այսօր այնքան անհրաժեշտ են: Միայն զղջում եմ ,որ ձեր պահանջները լիովին չենք կատարել:

Ի՞նչը կարող էր փոխարինել աշակերտի կողմից ասված այս անկեղծ շնորհակալանքի խոսքերին:

Այնքա՜ն անկեղծ էին բառերը,այնքա՜ն կենսուրախ էր ձայնը, հայացքը՝ նպատակներով լեցուն:

inshot_20210224_224341071
inshot_20210224_224341071
inshot_20210224...
Իսկ Արմե՞նը…

   Մանկուց զրկվելով հորից , ապրելով աշխատասեր մոր ու քույրերի հոգատարության ներքո՝ ժամանակից շուտ հասունացել էր, դարձել տղամարդ-երեխա, ընտանիքի միակ տղամարդը:

   Լուրջ էր չափից շատ, խոհուն, մանրանկատ հայացքով, բայց միշտ ժպտացող աչքերով:

   Նրբանկատ էր, ամաչկոտ: Կարմրում էր անգամ ընկերներին ասված դիտողութունից, խոնարհում էր ժպտուն աչքերը, լրջանում ավելի և կարծես դրանով ուզում էր քավել մեղավորի մեղքերը:

   Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, կարող էր բոլորի մեղքերն իր վրա վերցնել,բոլորի փոխարեն խոստումներ տալ և բոլորից առաջ ստանձնել  հանձնարարությունների կատարումը:

   Լավ էր  սովորում: Ընդունվեց համալսարան: Ուզում էր հաշվապահ դառնալ, նեցուկ լինել մորը, սակայն…

inshot_20210224_224259835
inshot_20210224_224259835
inshot_20210224...
 Արամը մեկն էր այն քիչ թվով տղա աշակերտներից, որոնց համար դպրոցն ու ուսումը վեր են ամեն ինչից: Նրա համար չկար անկարելին, բարդն ու դժվարը: Հասկանում էր կես խոսքից, կատարում բոլոր  հանձնարարությունները, պրպտում էր,  որոնում, գտնում հուզող հարցերի պատասխանը, չիմացածի մասին հարցնում համարձակ, անկաշկանդ բանավիճում, ապացուցում իր կարծիքն ու տեսակետը: Այս ամենով հանդերձ՝ անչափ կատակասեր էր: Հաճախ չէիր տարբերում խոսքի լուրջն ու կատակը: Կատակով հարցնում էր, կատակով հասկացնում, կատակով՝ նեղանում:

Գուցե այդ էր պատճառը, որ չէինք հավատում, որ էլ չկա: Սպասում էինք, հավատում, որ էլի կատակում է, որ մի օր գալու է ողջ ու առողջ: Չէ՞ որ այնքա՜ն երազանքներ ուներ, նպատակներ, որոնց իրականացմանն էին սպասում նաև ծնողներն ու հարազատները:

Արա՛մ, տղա՛ս, մեռավ, մեր հույսը, բայց ո՛չ դու, ո՛չ Արմենը և ո՛չ Անդրանիկը:

 

Վաչիկ Անդրանիկի Ղարիբյան '

Մեր հերոս դասընկերը:

  Միշտ ժպտերես,  միշտ բարի ու լավատես : Վաչիկը մեր ուրախ հիշողությունն է դպրոցական տարիներից : Եթե  լինում էին տխուր պահեր, նա փորձում էր անել ամեն ինչ, որ բոլորս ժպտանք, ու միշտ հաջողվում էր ։

Դասերի ժամին  նրա կատակները   ծիծաղեցնում էին նաև մեր ուսուցիչներին ,  նույնիսկ այն ժամանակ երբ նրանք բարկացած էին :

 Մի անգամ Վաչիկը օրագիրը լրացնելիս երկրաչափության դիմաց գրել էր «չափել և կտրել », գրականության ժամին երբ հանձնարարված էր նախադասություն գրել ամենատպավորիչը մեզ համար հենց Վաչիկի նախադասությունն էր , գրել էր «քնած դշխուհին քնել էր»...։ 

 Ամեն դասարանական էքսկուրսիյի ժամանակ ամենազավեշտալի պատմությունների կենրոնում

նա էր։

  Բազմաթիվ նմանատիպ ուրախ ու հետաքրքիր  պատմություններ կան , բայց միաժամանակ չենք կարող չնշել, որ ամեն օր հիշում ենք նաև նրա լուրջ ու մեծական  խորհուրդները ,  ասում էր.֊ « լավ սովորեք հաստատ պետք կգա », «պետք է   այնպիսի ընկերներ լինենք  որ  անգամ  100 տարի անցնի,  հարգանքով հիշենք իրար», « կյանքում ամենակարևորը մեր ծնողներն են ,  միշտ պետք է հարգենք մեր ծնողներին , որ մեր երեխաները մեզ հարգեն »...

zinvor 1
zinvor 1
zinvor 1

Վաչիկը մեր դասարանում սովորել է մինչև 9֊րդ դասարան, դրանից հետո ուսումը շարունակել է քոլեջում , բայց երբեք ՝ ոչ մի օր չի դադարել մեր ընկերը լինել։   Ամեն օր իր դասերի ավարտից հետո դպրոց էր գալիս, սպասում որ մենք ևս մեր դասերը ավարտենք ու միասին

տուն գնանք։ Շատ հաճախ էր պատմում իր նոր ընկերների մասին, իրենց էլ սիրել և հարմարվել էր շատ կարճ ժամանակում ։

   Երբ մենք ավարտական դասարանում էինք սովորում, այդ  ժամանակ Վաչիկը Հայաստանում չէր, բայց նույնիսկ երկրից դուրս Նա միշտ մեզ հետ էր։ Ավարտական միջոցռման պատրաստվելու ամեն  փորձին զանգում էր մեր ընկերներից մեկին, հերթով խոսում էր բոլորիս հետ , հարցնում ամեն ինչ, ամեն մանրուք , ի՞նչ ենք անում ,  ո՞նց ենք պատրաստվում և այլն ։ Ամեն անգամ հիշեցնում  էր, որ  ինքը հաստատ մեզ է միանալու այդ կարևոր օրը։

 Ու այդպես էլ եղավ , մեր ավարտական երեկոից մի քանի օր առաջ Վաչիկը եկավ Հայաստան ։

  Բոլորիս  համար  այդ հավաքույթի օրը  անմոռանալի էր :

Ամեն անգամ մեծ սիրով ու կարոտով դիտում էինք տեսագրությունները, բայց վերջին ամիսներին  անգամ մեկ անգամ առանց արցունքների չենք դիտել ։

Այդ օրը  իր խոսքւմ Վաչիկն ասաց.

<<Ցանկանում եմ բոլորին բարի երթ , ուսման մեջ հաջողություն , ով գնում  է բանակ ` բարի ծառայություն։ Բոլորին շատ֊շատ կկարոտեմ>>։

 Լսելով կամ հիշելով նրա ասածները ամեն անգամ վերապրում ենք կատարվածը, բայց միևնույն է որինչ չի ստիպում հավատալ , որ նա այլևս չկա...

Ուրախ ու կյանքով լի մարդ էր ` յուրօրինակ հումորի զգացումով,  հետաքրքիր բնավորությամբ ու անսահման բարությամբ։

Երբեք  չի եղել  այնպիսի դեպք  , երբ Վաչիկը նեղացնի  ինչ-որ մեկին ,  նա գիտեր ուրախանալ բոլորի համար ,  անհանգստանալ բոլորի խնդիրներով ,  դժվար պահերին օգնել բոլորին ,   գիտեր, որ Աստված իր կողքին է ,  երբեք չի կասկածել , որ  ( ամեն ինչ հաստատ լավ կլինի )  ,  նրա լավատեսությունը օրինակ էր բոլորիս համար ,  նույնիսկ պատերազմի ամենավատ պահին ասել էր , որ  լավ է լինելու ու ինքը անկասկած  վերադառնալու է ...

Անցել են ամիսներ, բայց նույնիսկ հիմա մեզ համար անհավատալի է այն ինչ եղավ , ամեն բացվող օր  մենք բոլորս հիշում ենք մեր Հերոսին , հիշում ենք ցավով, բայց միաժամանակ անասելի հպարտությանբ, հիշում ենք  նրա բարի ու ներող  ժպիտը ,  հիշում ենք` երկինք նայելով ու  հիշելու ենք  միշտ ` մինչև մեր կյանքի վերջին օրը  և ամեն անգամ  հիշելիս  նա հաստատ ժպտում է մեզ վերևից....

 

Դուք և Ձեզ նման նահատակված հազարավոր արծիվները կաք, դուք ապրում եք մեր կողքին և մեր սրտերում:

 1․ Պողոսյան Արամ Խաժակի

 2․ Աղեկյան Արմեն Գեղայրի

 3․ Գրիգորյան Անդրանիկ Կարենի

4․ Հարութունյան Հակոբ Արայիկի

5․ Եղիազարյան Վիգեն Արսենի

6․ Խեքոյան Ռաֆիկ Զալիկի

7․ Սահակյան Աղասի Տիգրանի

8․ Սահակյան Մերուժան  /Գևորգ/ Ռուբենի

9․ Հակոբյան Միշա Արծրունի

10․Սարգսյան Տարոն Ահարոնի

11․ Սարգսյան Նարեկ  Վաղարշակի

12․ Խաչատրյան Սամվել Սեյրանի

13․Գափոյան Գարիկ Ռուբիկի

14․Նաջարյան Արամ Արմենի /անհայտ կորած/

15․Ղռոյան Նարեկ Հովիկի

16․ Մկրտչյան Արտյոմ Հակոբի

17․․ Հակոբյան Ռաֆիկ Արծրունի

 18․Չատիկյան Քերոբ Անդրանկի

18․ Սալամյան Բագրատ Ռուբենի

19․ Դադոյան Մարատ  Զոհրակի

20․ Խունոյան Աղասի  Արամայիսի

21․  Ազիզյան Խաչատուր  Գագիկի

 22․ Աֆրիկյան Վանիկ Վահագնի

23․ Գալոյան Գևորգ Մարզպետի․

24․ Ղարիբյան Շահեն Աշոտիկի

25․ Ավանեսյան Էրիկ Գարիկիի

26.Ղարիբյան Վաչիկ Անդրանիկի

27․  Խուգոյան Արշալույս Սարգսի

28․  Գալստյան Իշխան Ռուստամի

29․  Ավետիսյան Խաչիկ Գնելի

30․  Ասատրյան Մարսել Խաչիկի

31․ Խաչատրյան Արտյոմ Վիգենի

32․ Բադոյան Կարեն Սասունի

33 Ներսիսյան Գոռ Մելսիկի / անհայտ կորած/

34․Գասպարյան  Վասակ Ատոմի/ անհայտ կորոծ/

                                                                                                                    ԳԱՎԱՌԻ Գ․ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԹԻՎ 7 ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑ

ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐԻ Վ․ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

 

img_1041
img_1041
img_1041

  Մեր հերթական հարցազրույցը  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի  տնօրեն  Արտակ Պողոսյանի հետ էր։

   Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծվել 2004 թվականին:

ԿՏԱԿ-ի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է մի քանի ուղղություններով՝ էլեկտրոնային  կառավարում , հեռավար ուսուցման կազմակերպում , վիճակագրության հավաքագրում, տվյալների հավաքագրում և վիճակագրությունների իրականացում տարբեր ոլորտներում և հետազոտության իրականացում ու հրապարակում տարբեր ոլորտներում,  ուսուցիչների և ղեկավար աշխատակազմի վերապատրաստում, ՏՀՏ բնագավառում գործիքների տիրապետում։

 Հարց-Դասագրքերը կազմելիս ի՞նչ  չափորոշիչներ և ստանդարտներ եք հաշվի առնում,  և ո՞ր կառույցներն են զբաղվում այս գործառույթով։

Պատասխան-Դասագրքերի կազմման գործում  մենք շատ քիչ մասնակցություն ունենք, հիմնականում այդ գործառույթը իրականացնում  է դասագրքերի շրջանառու հիմնադրամը, իսկ ժամանակին՝  Կրթության ազգային ինստիտուտը, որը հիմա փոխվել է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, հեղինակային խմբեր, որտեղ ընդգրկված են ուսուցիչներ և  դասախոսներ։

Հ- Ինչպե՞ս  և ի՞նչ չափանիշներով է վերահսկվում ուսուցչի ուսումնական գործընթացը։

Պ- Մենք վերահսկողական ֆունկցիա չունենք, մենք ստեղծում ենք գործիքներ, որոնց միջոցով վերահսկողություն ենք  իրականացնում  այն կազմակերպությունների մարմիններին, ովքեր վերահսկողական ֆունկցիա ունեն, օրինակ՝ մարզպետարանները, լիազոր մարմինները, պետական կրթական  տեսչական մարմինները։

Այդ գործիքներից մենք ստեղծել ենք էլեկտրոնային մատյան կամ կրթության կառավարման տեղեկատու համակարգ, որը կրթության կազմակերպման գործընթացը դարձնում է ավտոմատացված և էլեկտրոնային։ Այս պահին դպրոցներում ավտոմատացված և էլեկտրոնացված են 14 փաստաթղթերից 7-ը, իսկ հետագայում  նպատակ ունենք թվայնացնել ամբողջ գործընթացը, ինչը հնարավորություն է տալիս աշխատողին, ուսուցչին  քիչ ժամանակ  ծախսել գրագրությունների և թղթարարությունների վրա, այլ ավելի շատ ժամանակ տրամադրելու ուսումնական պրոցեսը զարգացնելու և գործընթացը ավելի թափանցիկ դարձնելու։

Հ- Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է խրախուսել լավագույն ուսուցչին, և ինչ աշխատանք տանել սկսնակ կամ թերացող ուսուցիչների հետ։

Պ-   Կարևորագույն  խնդիր  է։  Ուսուցիչների  գործունեության  մասին դժվար է կարճ  պատասխան տալ։  Դա  գալիս  է  ուսուցչի  մոտիվացիայից, երկրում  կան  որոշակի  խրախուսական  մոտիվացիան  ծրագրեր,  օրինակ՝  լավագույն  ուսուցչի  մրցույթը,  անվանական  կարգերով  որակավորման  խրախուսումները,  որակավորման  տարակարգերը, որտեղ  ուսուցիչները  կատարում   են  որոշակի  աշխատանքներ,  և  ամենագլխավոր  մոտիվացիայով  պետք  է  զբաղվի  դպրոցի  տնօրենը։  Չնայած  օրենսդրորեն  իրավական  ակտերով  մեխանիզմները  մշակված  են, բայց այդ  մեխանիզմները  պետք  է  կյանքի  կոչել այնպես, որ  ճիշտ  կիրառվեն։  Կան  դպրոցներ,   որտեղ  տնօրենները  ունեն  այն  գիտակցությունը,  որ  մոտիվացված  ուսուցիչը  ավելի  արդյունավետ  և   որակյալ  է  աշխատում,  որով  և  փորձում  է  խրախուսել  նրան։  Մենք  ունենք  որոշակի  պատրանք,  որ   սկսնակ  ուսուցիչը  ավելի  վատ  է  աշխատում,  քան  փորձառու  ուսուցիչը։  Ես  կարող  եմ   ասել,  որ  դա  իրականում  մեզ  մոտ  դարձել  է  սովորութային,  որ  ուսուցիչը  պետք  է  երկար  տարիների  աշխատանքային փորձ  ունենա,  որ  համարվի  լավը,  սակայն  մենք  ունենք   սկսնակ  ուսուցիչներ,  ովքեր   ավելի  որակյալ  են  աշխատում  և  ավելի  լավ  վերաբերմունքի  են  արժանի։  Նույն  պաշտոնին  քսան  տարի  աշխատողն  է  լավ աշխատում,  թե  նոր  եկած  մարդը․   ես  գնահատելիս  չեմ  գնահատում  աշխատանքային  ստաժը,  այլ  գնահատում   եմ  արդյունավետ  ցուցանիշները։  Ուսուցիչների  գնահատման  համակարգը  ոչ  թե  պետք  է  գնահատել  մեկ   կոմպոնենտով , թե  քանի  տարի  է  աշխատել,  այլ  հաշվի առնել  արդյունքը  և  այդ    ցուցանիշներով  էլ  գնահատել։

Հ – Ո՞րն դպրոցն   եք  համարում  իդեալական։

Պ – Իդեալականը   մոդել  է,  որին  պետք  է   ձգտել  հասնելու։  Իմ  պատկերացմամբ  այսօր  մեր  հանրապետությունում  իդեալական  դպրոց  չկա,  կան իդեալականին  մոտ  դպրոցներ,  կամ՝  ոչ մոտ դպրոցներ։ Միգուցե  իմ  պատկերացումը  կամ  իմ  պահանջը  դպրոցի  վերաբերյալ  որպես  լավագույն  դպրոցի  հետևյալն   է․  երբ  կա  առողջ  աշխատանքային  մթնոլորտ,  կա  տնօրեն,  ով  գիտակցում  է  իր  առաքելությունը  և  սահմանել  է  իր  դպրոցի  առաքելությունը,  ինչ  նպատակով  է  դպրոցում,  ինչ  նպատակով  է  մարդ  պատրաստում,  կա  այդ  նպատակի  համար  ձևավորված կոլեկտիվ,  կան  ուսուցիչներ,  ովքեր  վերապատրաստվում  են   և  ցանկություն  ունեն  աշխատելու  իրենց  կարողությունների  և  ունակությունների  զարգացման  վրա,  և  կան  աշակերտներ,  ովքեր  հաճույքով  են  գնում  դպրոց։  Սա  է   իմ  պատկերացումով   իդեալական  դպրոցը,  երբ  երեխայի  առաջին   դասարան  մուտք    գործելիս    արդեն  դրված կա  հստակ  նպատակ,  թե  երեխաներին   9-ը  կամ  12- րդ  դասարանը  ավարտեցնելիս  տնօրենը  կկարողանա  գնահատել  այն  նպատակը,  որը  դրել  էր։  Տնօրենը կարողացավ  իրականացնել  իր  առաքելությունը,  և  արդյոք  այդ  շրջանավարտը  դպրոցից  դուրս  եկավ այնպիսի մարդ, ով  ունի  պատասխանատվության  զգացում  պետության  և  շրջապատի  նկատմամբ,  ունի  ազգային  արժեքների  և  այլ  ազգերի  արժեքների  նկատմամբ  գնահատում,  արժևորում է   ավանդույթները՝  չծաղրելով  մնացածին,  հոգ  է  տանում  շրջակա  միջավայրի  մասին  և  գիտի  իր  պատասխանատվության  շրջանակը,  ունի   հմտություններ  իր  կրթությունը  շարունակելու  կամ  աշխատաշուկա  մտնելու  պատասխանատվությունը  վերցնելու։

Հ -  Այսօր  դպրոցն  ավարտած  քաղաքացին  ճանաչու՞մ  է  իր  ինքնությունը՝  ուսումնասիրելով  հայոց  պատմության  դասերը։

Պ – Այստեղ  խնդիրը  այլ  է,  երբ    21- րդ  դարում  տեղեկատվությունը  բազմաշերտ  է,  ուսուցմանը պրոցեսը  պետք  է  տարբեր  լինի  նախորդ  դարերի  պրոցեսից,  ուսուցիչը  չպետք   է  լինի  զուտ  տեղեկատվություն  փոխանցող,  ուսուցիչը  կամ  դասավանդողը  պետք  է  հասկանա,  որ  չպետք  է  սահմանափակվի  դասագրքով,  ինչը  մեզ  մոտ  ձևավորված  մշակույթ  է։  Դրանից  է  գալիս  այն  արտահայտությունը, թե  այս  դասագիրքը  լավն  է  կամ  վատը։  Դասագիրքը  ուսուցչի  գործիքներից  մեկը  պետք  է  լինի,  նա  պետք  է  կարողանա  աշակերտին   սովորեցնել  չխճճվել  տեղեկատվության  հորձանուտում,  կարողանա  գնահատել  տեղեկատվության  իսկությունը,  կարողանա  գտնել   տեղեկատվության  ճշգրիտ   աղբյուրը , հասկանա  աղբյուրի  վստահելի  լինելու  փաստարկը՝   ով  է  գրել   և  այլն։  Այս  ամենը  գալիս  է  մեդիագրագիտության  պակասից,  որը  ակնհայտ  է  մեր  հասարակության  մեջ։  Շատ  հաճախ  կայքերում  տեղադրված  նյութերը  կամ  պատմությունները,  նույնիսկ  հայտնիների  գրած  աֆորիզմները  պատճենում  են  և  տարածում՝  չճշտելով   դրանց  իսկությունը։   Շատ  կարևոր  է  աշակերտներին  սովորեցնել  տեղեկության  հետ ճիշտ աշխատել,  այսինքն՝  երբ  կարդում  ես  ինչ-որ  նյութ  և  փորձում  ես  հասկանալ,  թե  որտեղից  է  այդ  տեղեկատվությունը,  պետք  է  փորձել  ճշտել՝  ո՞վ  է   գրել , արդյո՞ք  վստահելի  է,  մեկ   այլ  աղբյուրից  ճշտել,  համադրել և  վերլուծել  քո  պրիզմայով  և  հետո  վստահորեն  հավատալ  կամ  չհավատալ։

Հ – Առարկայական  խմբակների  աշխատանքները  վարելիս  ուսուցիչը  ինքը  պետք  է  կազմի  ծրագիր,   թե  օգտվի  պետության  կողմից  տրված  ուսումնական,  մեթոդական  ձեռնարկներից։

Պ- Առարկայական  խմբակը   ենթադրում  է  հավելյալ  արտաուսումնական աշխատանք,  դա  ուսուցչի  պատասխանատվությունն  է,  բայց  պետությունը  պետք  է  աջակցի  դպրոցին  և   արտաուսումնական  պրոցեսին։ Սակայն ուսուցիչը  ինքը պետք է պրպտի  և  աշակերտներին  սովորեցնի  պրպտել,  գտնել  հավելյալ  նյութեր  և  հավելյալ  տեղեկատվություն,  հավելյալ  ձեռնարկներ։  Խմբակի  ամբողջ  էությունը  այն  է,  որ  ոչ  թե  պետք  է  կրկնի դպրոցական ծրագիրը , որը  ուսումնասիրում  է  դպրոցում,  այլ   ավելի  խորը և լրացուցիչ  գիտելիքներ  և  տեղեկություններ  փոխանցի   աշակերտներին։  Խմբակավարը   պետք  է  հասկանա,  թե  նյութերը  որտեղից  և  ինչ  բարդության  աստիճանի պիտի լինի՝  կախված  իր   աշակերտների  ունակություններից  և  կարողություններից։ Խմբակավարը  պետք  է  ջանք  գործադրի  այդ ծրագրում  հավելյալ  աշխատելու,  թեմատիկ  պլանավորումը   ինքը  պետք  է  կազմի՝  չշեղվելով  հանրակրթական  չափորոշչային  պահանջներից։

Հ- Կա  այսպիսի  միտք․  «Միայն  ծույլը  չի  ոտնահարում  ուսումնական  պրոցեսը  ոչ  արդյունավետ  կազմակերպելու  համար»․  ի՞նչ  կարծիք ունեք  դպրոցում  դասավանդվող առարկայական ծրագրերի վերաբերյալ, հաշվի առնելով այսօրվա մեր վիճակը՝ պե՞տք են արդյո՞ք փոփոխություններ։

Պ- Երբ ինձ հարցնում են փոփոխությունների մասին, ես չեմ կարողանում  միանգամից  պատասխանել՝  պետք  են  փոփոխությունները,  թե  ոչ,  որովհետև  «այո»  ասելու  դեպքում   պետք  է  հիմնավոր  որոշել,  թե  ինչ  փոփոխություններ  են  պետք  կրթության  ոլորտում։  Երբ  շատ  ականջահաճո հայտարարություններ  են   անում,  իրականում  դա  հանգեցնում  է  որակի  նվազեցմանը,  և  այդ  հարցին  պատասխանելու  համար  երկար  ժամանակ  է  պետք։  Պետք  են  փաստեր,  նախ  պետք  է  հասկանանք՝  ինչ  խնդիրներ  ունենք,  և ինչը  պետք  է  փոխել։  Կրթության  համակարգը  կարծրացած  համակարգ  չէ,  այն  աճելու,  զարգանալու  ճկուն  ոլորտ  է  և,  բնականաբար,  երբ   փոխվում   են  կյանքը,  շրջապատը,  տնտեսությունը,  փոխվում  է  հասարակությունը  և  առաջանում  են  նոր  մարտահրավերներ,  կրթությունը  այն  գործիքն է,  որը  սովորեցնում  է  այդ  մարտահրավերներին  դիմակայել  և  այդ  միջավայրում  ապրել։  Համակեցության  միջավայրում  ապրելը կրթությունը  դարձնում է   փոփոխմանը  ենթակա  ոլորտ։  Կա  կարծրացած  կարծիք,  որ  չի  կարելի  անընդհատ  փոփոխություններ  կատարել  կրթության  համակարգում։ Ո՛չ, այս   համակարգում  անընդհատ  պետք  է  փոփոխություններ  կատարել,  բայց  փոփոխությունները  պետք  է  հիմնված  լինեն  փաստերի  վրա՝ <<  ինչի՞  համար», «ի՞նչ  նպատակով>>,  որպեսզի  կարողանաս  գնահատել  կամ  բացատրել,  որ  այդ  կատարված  փոփոխությունը  ծառայեց  իր  նպատակին,  օգնեց  հասարակությանը,  աշակերտին։  Պետք  է  ուսումնասիրել,  թե  ինչ  խնդիրներ  կան  կրթության  համակարգում,  քննարկել,  ուսումնասիրել,  վերլուծել  փորձը  ամբողջ  աշխարհի  կրթական համակարգի հետ,  հասկանալ,  թե  ինչ  ուղղություններ  կան․  օրինակ՝  բուհական  կրթությունում  մեր  ակադեմիական  մասը  շատ-շատ  է,   իսկ  պրակտիկ  գիտելիքը  շատ  քիչ է, տնտեսությանն  ուղղված  գիտելիքը  շատ  քիչ  է,   իսկ  մասնագիտական  կրթությունը  իմ   կարծիքով  պետք  է   ուղղված  լինի  տնտեսությանը  ամբողջապես,  ես  չեմ  ասում,  որ  չպետք  է  լինեն  հետազոտական  մաս,  նորարական  հատված,  բայց  դա  պետք  է  լինի  մասնագիտական  կրթության  շարունակական  առանձին  մի  մաս   գիտահետազոտական  հատվածում։

Օրինակ՝   նոր ուսումնական տարում  գնահատման համակարգի   փոփոխությունը շատ անհրաժեշտ է․ գնահատումը  իր բնույթով պետք է լինի ուսուցանող մեթոդ։

Պետք է փոխել այն գաղափարը, թե ի՞նչը  չգիտի, այլ ի՞նչ է սովորել։

Պետք է գնահատել ոչ թե չարածի , այլ արածի համար։ Օրինակ՝ ֆիննական մի շարք դպրոցներում ուսուցիչը ստուգում է աշակերտին կանաչ գույնի գրիչով և ներկում է ոչ թե սխալները, այլ ճիշտ պատասխանները։ Հետևաբար, այս մեթոդը ավելի է շահագրգռում աշակերտին հաջորդ անգամ  կանաչ գուների ավելացմանը։

Հ-  Դպրոցներում  առկա   խնդիրները   արդյոք  միայն  ֆինանսական  են,  թե  կան  ուրիշ  խնդիրներ։

Պ- Ֆինանսականը  անհրաժեշտ,  բայց  ոչ  բավարար  պայման  է  կրթությունը  կազմակերպելու   համար,  այսինքն՝  միայն  ֆինանսը  չէ,  որ  խոչընդոտում  է ուսումնական գործընթացի ավելի  արդյունավետ  կազմակերպմանը։  Իհարկե,  շատ  մեծ  նշանակություն  ունի  հիմնական  մոտիվացիոն  միջոցը՝  ֆինանսական  աշխատավարձի  չափը,  բայց  կան  վերլուծություններ,  որոնք  ցույց  են  տալիս,  որ  շատ  բարձր  աշխատավարձի  դեպքում  մոտիվացիան  սկսում  է  ընկնել,  կրթության  արդունավետությունը  սկսում  է  ընկնել․  դա  միակ  կոմպոնենտ  համարել  չի  կարելի։   Սխալ  է  ամեն ինչ  պայմանավորել  միայն  ֆինանսով,  որովհետև,   կրթության  ոլորտի  կազմակերպումը  /կամ  ընդհանրապես  ցանկացած  ոլորտի/  ունի  շատ  ռեսուրսներ,  և  դրանցից  յուրաքանչյուրը  հավասարապես  կարևոր  է։  Օրինակ՝  կարող  ես  ունենալ  մեծ  ֆինանսական  ռեսուրս,  բայց  մարդկային  ռեսուրսներ  չգտնեք,  ով  կկարողանա  կազմակերպել  այդ   գործառույթը / օրինակ՝  լավ  մասնագիտացված  ուսուցիչ /  կամ  չունի  ժամանակի  կառավարման  կամ  ընդհանրապես  կազմակերպչական  հմտություններ։  Մարդկային  ռեսուրսը  կառավարելու   համար  ֆինանսը  կարևոր  է,  բայց  ոչ  միակը,  չնայած  անհրաժեշտ  են  ֆինանսական  միջոցներ,  որ  կարողանան  կառավարել  այդ  ռեսուրսները,  եթե  չկա  ֆինանս՝ խնդիրը  բարդ  է,  բայց  նաև  կարևոր  է  ֆինանսական  ռեսուրսի  հմուտ  կառավարումը։

Ցանկացած խնդիր ունի իր դրական և բացասական կողմերը։ Դպրոցավարության համակարգում առկա են փաստաթղթային շրջանառություններ, որոնք կարող են ունենալ արդյունավետ և ոչ արդյունավետ կողմեր, որը կարող է նպաստել այդ կառույցի օբյեկտիվ և սյուբեկտիվ կողմերի զարգացմանը։ Այս հարցում մենք փորձում ենք օգնել տնօրեններին և ուսուցիչներին տիրապետելու գործիքների, որոնք իրենց աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։ Գիտելիքին և գործիքին չտիրապետելը խոչընդոտ է հանդիսանում ճիշտ կազմակերպելու ցանկացած գործառույթ, բայց մեր ամենօրյա ռեժիմով օգնությունը համակարգը դարձնում է թափանցիկ, այն օգնում է, որ սխալներ չլինեն, մենք չենք պատժում, այլ օգնում ենք։

Հ- Պետության  կողմից  մշակվու՞մ  են,  թե արդեն  կան    10-20  տարվա  հեռանկարային  ծրագրեր։

Պ-Կրթության  կազմակերպման  հիմքը  պետական  կրթության  զարգացման  ազգային  ծրագիրն  է,  որը  2016թ․-ից  մշակվում  է, բայց   դեռ  չի  հաստատվել ,  այն  կրթական  ռազմավարական  ծրագիր  է  ապագա  10  տարիներ  համար , որից  հետագայում  բխելու  են  այլ  ծրագրեր  և՛ նախադպրոցական  կրթության  ոլորտում,  հանրակրթությունում,  և՛  մասնագիտական  կրթության  ոլորտում։  Հիմա  մշակվում  է  այդ  ծրագիրը,  այնտեղ   դրված են հիմնական նպատակային  խնդիրներ,  որոնց  զարգացման ուղղությունները  տարբեր  ոլորտներում  են,  և  տվյալ ոլորտներում  էլ  կզարգանան   այդ  ծրագրերը։

Հ-Դպրոցում  ինչպիսի՞  մարդ  են  ձևավորում․  ինչպե՞ս  կբնութագրեք։

Պ- Իրականում  այն,  ինչ  գրված  է,   ապահովում  է  մեր  տեսլականի  սահմանը ,  թե  ի՞նչ  տեսակի   մարդ  ենք  ուզում,  ի՞նչ   ուղղությամբ  ենք  աշխատում , դրա  իրականացնելը  ոչ  միայն  կրթական  խնդիր  է,   այլև  հասարակական,  սակայն  մենք  ականատես  ենք  լինում  մի  հանգամանքի,  որը  շատ  ցավոտ  է․  շատ  ընտանիքներ   իրենց  երեխային դպրոց  ընդունելուց  հետո  հույսը  դնում  են  դպրոցի  վրա,  թե  դպրոցը  պարտավոր  է,  և  այլևս  նրան  ոչինչ  չի  հետաքրքրում։  Դպրոցը  ունի  պարտավորությունները,  բայց  ընտանիքը,  հասարակությունը  ևս  պարտավոր   են  դա  իրականացնել, և   մենք  պետք  է  փոխենք  մեր  վերաբերմունքը  ընդհանուր  կրթության  և  դպրոցի  հանդեպ։  Ցավոք  սրտի  շատ  դեպքերում  ոչ  թե  կրթությունն է  կարևոր, թե  ինչ  է  սովորել  երեխան,  այլ  այն  փաստատուղթը, որը  տալու  է  երեխային  կրթության  արդյունքում,  այսինքն՝  կարևոր  է, որ  ատեստատն  << 9- ով  լինի >>,  և  ոչ   այդքան  իրական  է , թե  երեխան  ունի  այդ  գիտելիքը,  թե՝  ոչ։  Այստեղ  մենք  շատ    անելիքներ  ունենք,  և այդ  մշակույթն  ու   գաղափարախոսությունը  պետք  է  արմատավորվի  հասարակության  մեջ՝  հասկանալու, որ  գիտելիքը  կարևոր  է,  որ  երեխան  դպրոցում  պետք  է  ստանա  այդ  գիտելիքը,  որպեսզի  կարողանա  հետագայում  բարեկեցիկ  և  լավ  ապրել․  գոնե   առնվազն  չվնասի  իր  շրջապատին,  դրա  համար  կան  շատ  օբյեկտիվ  և  սուբյեկտիվ  պատճառներ։  Պատմականորեն  ձևավորված,   նամանավանդ  անցումային  փուլ  անցած  երկրներում,   որտեղ  մի  համակարգը  փլուզվում  է,  և  դու  դեռ չգիտես,  թե  նորը  ինչպիսին  է  և  ինչ  արժեքային  համակարգ  է  ձևավորում ,  հետևաբար  առաջանում  են  նման  խնդիրներ,  բայց  հույս  ունեմ,  որ  մենք  կամաց-կամաց  կկարողանանք  հաղթահարել  այդ  մարտահրավերները  և  հետագայում  հպարտորեն  ասել,  որ  մենք  ու  մեր  դպրոցի  շրջանավարտները  բավարարում  են  մեր  տեսլականին,  ու  կարողացել  ենք  հասնել  մեր  նպատակին,  որտեղ  մեծ  ներդրում  կունենա  դպրոցը։  Իմ  կարծիքով  բուհում   ուսանողը  ձևավորված  մարդ  է,  փորձել  նրան  դաստիարակել  կամ  վերադաստիարակել  իմաստ  չունի,  քանի   որ  այդտեղ  նա  պետք  է  դառնա  մասնագետ,  որպեսզի  դուրս  գա  շուկա  և  սկսի  աշխատել  և  ստեղծել  բարիք։ Դպրոցում  շատ  կարևոր   է  ուսուցման  հետ  մեկտեղ  ներդնել  դաստիարակչական  ծրագրեր  և  համատեղել  կրթության   հետ,  շատ  կարևոր  է  աշակերտների  սոցիալիզացիան,  որ  ինքը   իրեն  հասարակության  անդամ  զգա,  կրի  պատասխանատվություն  և  պաշտպանի  իր  իրավունքները։  Ինչպես  հասարակությունն է աճում,   փոխվում,  այնպես  էլ՝ կրթությունը․

 «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգագործել աշխարհը փոխելու համար»։ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱ

1+1 թերթի խմբագրությունը շնորհակալություն  է հայտնում պարոն Արտակ Պողոսյանին՝ հետաքրքիր և բազմաբովանդակ հարցազրույցի համար։

 

 

ain
ain
ain

«1+1» մարզային դպրոցական թերթը հրավիրված էր ԱԻ և ՔՊ ոլորտում   ՀՀ Գեղարքունիքի մարզում  2020 թվականի ընթացքում  իրականացված աշխատանքների  զեկույցին։

Մենք տեղեկացանք, թե ինչ աշխատանքներ են կատարվել գերատեսչության աշխատակիցների կողմից.

 -Արտակարգ  իրավիճակների  արձագանքում․

Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 725  ահազանգ։

-Օպերատիվ-տակտիկական և ընդհանուր պատրաստություն․

Մարզի 6 համայնքներում /Սևան, Ծովակ, Ճամբարակ, Չկալովկա, Ծակքար և Սարուխան/ մասնակցել ենք  արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության թեմաներով շտաբային ուսումնավարժությունների:

Կանխարգելիչ միջոցառումների իրականացում․

ՀՀ Գեղարքունիքի մարզում 2020թ.-ի ընթացքում կանխատեսվող գարնանային հեղեղումների, սելավների, սողանքների, վթարային կամուրջների փլուզման  և հնարավոր քարաթափումների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների իրագործմանը:

Քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստմանն ուղղված միջոցառումներ․

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշումով հաստատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը։

ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքները լրամշակել են «Քաղաքացիական պաշտպանության» պլանները:

Փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացում․

ՄՓՎ հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատները անցկացրել են 2-ական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Հրշեջ-փրկարարական ջոկատների  կողմից տարվել են աշխատանքներ  տարածաշրջանի կազմակերպությունների հրդեհաշիջման քարտերի և օպերատիվ պլանների մշակման ուղղությամբ:

Կապի և ազդարարման համակարգերի կատարելագործում․

Մարզի ղեկավար կազմի և բնակչության ազդարարման համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքները ներառվել են մարզի՝ սոցիալ- տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում:

Ուսումնասիրություններ և ստուգումներ․

ՄՓՎ կողմից մարզի ՀՓՋ-ներում և ՀՋՋ-ում անցկացվել են 22 անակնկալ և պլանային ուսումնասիրություններ, ցուցաբերվել է մեթոդական օգնություն: Արդյունքում բարձրացել է ծառայողական կարգապահությունը, և բարելավվել համապատասխան փաստաթղթերի մշակման որակը:

Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործում

Պլանների,  ծրագրերի և հաշվետվությունների մշակում

Նյութատեխնիկական բազայի ամրապնդում

Գործունեության ընթացքում առաջացած խնդիրները և առաջարկվող  լուծման ուղիները և աշխատակիցների խրախուսման  նպաստելը։

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը  բավարար գնահատեց մարզային փրկարարական վարչության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նշեց, որ ԱԻՆ-ը պետք է աշխատի կոմպլեքս հարցերում իշխանության  հետ. Մասնավորապես՝  շինարարության ընթացքում  շենքերը  պետք է ունենան սեյսմիկ կայունություն, յուրաքանչյուր բնակելի տուն  քարտեզագրման /հատակագծի/ մեջ պետք է ունենա թաքստոցներ, բնակելի տանը պետք է նախատեսվի հրշեջ պահարաններ, որտեղ  պետք է լինեն ռետինե խողովակներ, բահ, կացին և դույլ։ Նշվեց, որ պետք է  կրճատել նաև հրշեջ ջոկատի դեպքի վայր հասնելու ժամանակը։  Անհրաժեշտ է համայնքներում տեղակայել հրշեջ մեքենաներ, որոնք գործելու են կամավորական հրշեջ ծառայողների կողմից, ովքեր  սկզբնական ժամանակում պետք է սկսեն աշխատել դեպքի վայրում մինչև հիմնական ուժերի ժամանելը։

ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը նշեց , որ այդ բոլոր թեզերը կյանքի կոչելու համար ունեն բոլոր պայմանները, և իր ղեկավարած կառույցը անելու է ամեն ինչ, որպեսզի մարզի բնակիչները ապրեն  բարեկեցիկ կյանքով։ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզի մի շարք համայնքների ղեկավարներին՝ համագործակցված և արդյունավետ աշխատանքի համար։

 Մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 22 աշխատակիցներ խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

 

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...

Դուք  փոքր  եք  և    անօգնական,  բայց  անվախ,  դուք  չգիտեք, թե  ինչ  կարող  եք  անել, և  ինչն  է  ձեր  ուժերից   վեր,  դրա  համար էլ փորձում  եք  ամեն  ինչ.  դուք  ուսումնասիրում   եք ամենը ձեր  զգայական   օրգանների  զգացումի  չափով՝   տեսնելով,  լսելով,  հոտառությամբ,  համի միջոցով  և  շոշափելով։  Դուք  գոռում  էիք,  մինչև  չսովորեցիք  խոսել ,  դուք  քաշում  էիք  սեղանի  սփռոցը,  որպեսզի  տեսնեք՝  վրան  ինչ  կա,  դուք  լիզում  էիք  ամեն ինչ,  ինչ  տեսնում  էիք.  բակտերիաները  ձեզ  չէին  վախեցնում ։

Դուք  ձեռք  էիք  տալիս  տաք  վառարանին,  չնայած  միշտ  ասում  էին՝   կվառես  ձեռքդ։ Դուք  հավատում  էիք , որ  կարող  եք  անել այն,  ինչ ուզեք  և  որտեղ  ուզեք  և  դառնալ  այն,  ինչ  ուզում  եք,  հետո  իմացաք , որ  այդ բոլորը  չի  կարելի ,  այդ  չի  կարելիները  տարիներով  ձեր  ուղեղը  մտան։  Այդ  լավ  բացատրվող  գործողությունները  նրա  համար են,  որ  օգնեն  ձեզ   ամուր  կանգնել  ոտքերի  վրա,  որ  շարժեն  ձեր  հետաքրքրությունը ,  բայց նրանք  սովորեցրին  ձեզ՝  վախենալ այն ամենից,  ինչը  կարող  է վախ  պատճառել    և,  վերջապես,   դուք  դադարեցիք  պրպտելուց,  որ  չտուժեք,  դուք  սովորեցիք  բավարարվել  քչով՝  համաձայնելով, որ  չեք  կարող  դառնալ   ականավոր։  Ժամանակի  ընթացքում   վախն  ու  ցավը  ձեզ  դարձրին  ձախողակ,  այդ  օրվանից  դուք  ուզում  եք  հետ  դառնալ , կանգնել  հաղթողի  ճանապարհին։  Վախը  և  ցավը  երկու  շատ  կարևոր  գործոն  են,  որ  ազդում  են  մարդու  վարքագծի  վրա,  սկզբում  դուք  զգում  եք  ցավ,  հետո  ձեզ  պատում  է  վախը։  Ցավը  ձեզ  պատճառում  է  վնաս,  իսկ  վախը  թույլ   չի  տալիս  մոռանալ  դրա  մասին։  Ցավն  ու  վախը   սահմանափակում  են  գործողությունը ,  զսպում  են  ձեր  երազանքները,  զրոյի  են  հավասարեցվում   ձեր  բոլոր  առավելությունները  և  առաջխաղացումները։  Նրանք  կոչնչացնեն  ձեր  հոգին,  եթե  դուք  թույլ  տաք։

Բայց  կարող  է  լինել  այլ  կերպ, որի  հիմնական  գործոնը    ձեր  գործողությունն է  կամ  անգործունեությունը։  Հիմնական  գործողությունները  կենտրոնացած   են  նրա  վրա,  որ  ցավ չպատճառես  քեզ ։  Ցավը  տարիների  ընթացքում    կարող  է  մեղմվել,  հոգու  ցավը  անհաջողության,  դավաճանության  կամ այլնի  արդյունք  է։

Որպեսզի  ցավ  չպատճառեք  ձեզ,  դուք  պատրաստ  եք  ամեն  ինչի,  դրա  համար էլ    ավելի  քիչ  եք  սկսում  մասնակցել  այն  գործընթացներին,  որոնք  կարող  են  ձեզ  ցավ  պատճառել։  Արդյունքում  դուք  հասնում  եք  նրան,  որ  ցավից   խուսափելը   դառնում  է  ձեր  անգիտակցության  մեջ պահվելու   ծրագիրը։

Թվում  է,  թե  դուք  բացառում   եք  ցավը  ձեր  կյանքից,  դա  այդպես  չէ,  դուք  ուղղակի  լավ  եք  թաքնվում  ուրիշներից  ու  ձեզանից։  Վախը  տանում  է  ձեզ միջակության,  ստիպում    զգալ    անհաջողակ  և  մտածել,  որ  դուք  հաջողության  համար  թույլ  եք։  Դուք  մտածում  եք,  որ  վախը  ձեզ  պահպանում  է։  Ո՛չ,  նա  ձեր  մեջ  ոչնչացնում  է   մարդուն,  որ  կարող  է  գնալ  ռիսկի,  իսկ  առանց   ռիսկի  չեք  կարող  հաղթահարել  բարձունքներ։

Քեզ  հետ  է  պահում  ոչ  թե  ուսման  բացակայությունը,  փողի  չլինելը  կամ  անհաջող  որոշումը,  այլ  վախը։ 

Դերեկ  Ռոդմանը  400  մետր  վազքով  օլիմպիական  խաղերին  /1992թ. Բարսելոնա/  շանս  ուներ  հաղթելու ։  Մինչ   այդ  նա  նվաճել էր  աշխարհի  և  եվրոպայի  չեմպիոնի   տիտղոսը։

Վազքի  ժամանակ   կտրվեց   Դերեկի  ոտքի   մկանը,  և  նա  ընկավ  գետնին։ Հայտնվելով  գետնին՝  նա  մտածում  էր  օլիմպիական խաղերում  իր  մարվող  նպատակի  մասին,  երբ  բոլոր  վազորդները  մեկը   մյուսի  հետևից  հատում  էին  եզրագիծը։ Բժիշկները  շտապում  էին  Դերեկի  մոտ, բայց  այդ  ժամանակ  նա   արեց  այն,  ինչը  մտավ  համաշխարհային   պատմության  մեջ։ Նա  վեր  կացավ,  չնայած  որ   կտրվել  էր  մկանը,  մի  ոտքի  վրա թռչկոտելով,  ձեռքերը թափ տալով  շարժվեց դեպի եզրագիծ, նրա մոտ շտապեց հայրը և ընկնելով թևը՝   հարցրեց   Դերեկին, թե    կարող  է  այդ  անել,  նա  ասաց,  որ  պարտավոր  է։   65  հազար  մարդ  տրիբունայում  սպասում  էր,   թե  ինչ  է լինելու  վերջը։  Հայրը  կանգնեց  եզրագծից մոտ  10  մետր հեռու,  իսկ  Դերեկը կարողացավ  հատել  եզրագիծը։

20  տարի  հետո  բոլորը կմոռանան, թե ով է հաղթել,  բայց  միլիոնավոր  մարդիկ  կհիշեն     այն  մարդուն  , ով,  չնայած ցավին,  հատեց եզրագիծը։ Դերեկը  պետք  է  դուրս  գար  մրցումներից,  այդպես   հեշտ կլիներ։  Ինչու  նա  դա  չարեց։  Միգուցե   նա  գիտեր՝  տարիների  ընթացքում այն  խոսքերը, որ   չհասավ  իր  նպատակին,  ավելի կցավեցնեին,  քան  այն  կարճ  ժամանակահատվածի  ցավը,  որ  ինքը  հատեց  եզրագիծը։

Կամ  էլ  ուղղակի  որոշեց  վերջ տալ  այդ  ցավին։    Հաշվի մի´ առեք  ցավը,  թույլ  մի´ տվեք , որ ցավն ու  վախը  ձեզ  դարձնեն  անհաջողակ,    եղե´ք  համարձակ։

Վախը  ստիպում  է  փախչել  ցավից,  իսկ  համարձակությունը  թույլ  կտա  բուժվել  նրանից,  եղե´ք  համարձակ,  երբ  որոշում  եք   չհանձնվել։

                                                                                                                                                                                                                ՄԱՆՈՒՇԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

Բարև, հարգելի՛ ընթերցողներ։ Այսօր  կուզենայի, որ մենք  խոսենք  պետականության մասին։ Այսօր վիճակագրական տվյալներով աշխարհում կան 2000֊ից 4000 ազգություններ, բայց գոյություն ունի ընդամենը 193 պետություն։ Այսինքն՝  բոլոր ազգերը չէ, որ ունեն պետականություն։ Մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ մեր պետականությունը մեզ տրվել է հազարամյակների մեր վարած մտավոր և զինված համագործակցության, առաջնորդության  փորձի  դրական  և բացասական  գործընթացների հիման վրա։ Մենք պետք է հասկանանք, որ պետականություն ունենալը  բարձրագույն արժեք է, որին  կարող է արժանանալ յուրաքանչյուր ժողովուրդ, բայց, ցավոք, գոյություն ունեն շատ այլ հանգամանքներ՝  աշխարհաքաղաքական,  ֆինանսական, դիվանագիտական և այլն, որոնք ազդում են այնպիսի փոքր  պետությունների վրա, ինչպիսին մենք ենք։

Երբ   լսում եմ  կոչեր կամ  համացանցային լուրեր , որ մեր պետությունը պետք է դառնա ինչ- որ պետության բաղկացուցիչ մաս , զարմանք եմ ապրում այդ մարդկանց մտածելակերպի վրա. ինչքան ենք  կյանքից հետ մնացել և ոչ մի դաս չենք  քաղել պատմությունից։ Մի քանի օր առաջ մենք  հասակակիցներով խոսում էինք այն մասին, թե որն էր  պատճառը , որ  Խորհրդային Միության  փլուզումից հետո մենք քանդեցինք մեր արդյունաբերությունը և դարձանք  «լոլիկի և վարունգի» երկիր։ Տղաներից մեկը բերեց մի օրինակ. << Դուք կարո՞ղ եք վերցնել  լինգը և քլունգը  ու քանդել ձեր պապական տունը կամ մեր կառուցած տունը>>։   Բոլորով  զայրացանք,  թե ինչպես մարդը կարող է քանդել իր տունը, և եկանք այն եզրակացության , որ այն,  ինչ հայ ժողովուրդը ստեղծել էր  խորհրդային 70 տարիների ընթացքում , մեզ մատուցվել է այն գաղափարով, որ մենք չենք համարել մերը, մենք գաղափարապես պատրաստ չենք եղել այն բանին, որ մերն է, մենք ծառայել ենք ամբողջությամբ կայսրությանը և հաճույքով  անգիտակցաբար  քանդել ենք այսօրվա մեր պետականության հիմքը։

Հարգելի´ աշակերտներ,  չկա մի արժեք, որը համարժեք լինի պետականությանը, պետականությունը  գերագույն արժեք է, և դրա հզորացնողները դուք եք։  Իսկ որպեսզի մենք չտրվենք   սև  ուժերի գաղափարախոսությանը,  պետք է  սովորել ու նորից սովորել և միշտ համեմատել  քեզ քեզանից առաջադեմի հետ, որպեսզի զգաս քո բացերը։

 

 

 

lus
lus
lus

Կան հիշողություններ, որոնցից մանդարինի հոտ է գալիս, դրանք մեծ մասամբ դեղին են ու նարնջագույն...
Այսօր դասամիջոցին ուսուցչուհիս պատմում էր իր մանկության մանդարինների մասին և այնպես էր ներկայացնում «մանդարիններով սկիզբ դրվող նոր տարին», որ կարծես մութ ու ցուրտ օրերը մանդարինագույն, նարնջագույն էին դառնում ու լուսավորվում։
Նա պատմում էր ձմեռ պապիկի պարգևատրող նվերի մասին կամ, մեր լեզվով ասված, «կուլոկի» մասին․  դա ժամանակների լավագույն նվերն էր ու ամեն երեխայի դեմքին ժպիտ նկարող, դեղնագույն տոպրակը։
Եթե տոպրակի մեջ մեկ մանդարին կար, դա լավ էր։
 Եթե կային երկու մանդարիններ, դա արդեն հիանալի էր։
Իսկ եթե երեքը կար...
Դա անասելի ուրախություն էր, կարծես աշխարհն իրենն էր։
Այո՛,մի ժամանակ երեխաների աշխարհը մանդարինների սպիտակ թելերի մեջ էր շաղկապվում, ու երջանկության համը հենց դրա մեջ էր։
 Հիշո՞ւմ ես՝ ինչ համ ուներ նոր տարվա մանդարինը, որը բոլորովին էլ հասարակ ցիտրուսային միրգ չէր, այլ ապրեցնող, թթու կամ քաղցր հիշողությունների համ, որ քիմքիդ հպվելիս կյանք էր տալիս ։
Երբ մաքրում էիր առաջին մանդարինը,  աչքերիդ մեջ զգում էիր դրա կեղևի ծակոտիներից դուրս ցայտող հյութը։

                                                                                                                                                                  Լուսինե Առաքելյան

 

146303798_410429850052821_7519312093389019478_n
146303798_410429850052821_7519312093389019478_n
146303798_41042...

Փա՛ռք հայոց բանակին, փա՛ռք նրա զինվորին, փա՛ռք զինվոր ծնած մայրերին։

Թող որ միայն կապույտ երկինքը լինի բոլորիս աղոթքների պահապանը։

Հունվարի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի  N2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ռ. Սուչյանը կազմակերպել էր միջոցառում՝  նվիրված հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին։ Միջոցառումը աշակերտները սկսեցին հետևյալ խոսքերով. «Մեր հայոց աշխարհի օդային ու ցամաքային պաշտպանի, մեր փառապանծ բանակի ու զինվորի շնորհիվ մենք այսօր կարողացանք կրկին իրար ասել. «Բարի՛ լույս»։ Բայց բարի լույս ասելուց հետո երբեք ու երբեք չմոռանանք շնորհակալություն հայտնել Տիրոջը և խնդրենք, որ պաշտպան լինի երկիր պահող մեր զինվորին, մեր բանակին։ Շնորհիվ մեր Տերունական աղոթքի՝ մեր զինվորը թշնամու առաջ թող երբեք ծնկի չգա, իսկ եթե նա ծնկի գա, ապա միայն Աստծո առաջ, որովհետև Աստծո առաջ ծնկի եկած զինվորը ավելի զորեղ է, քան ոտքի վրա կանգնած թշնամին։ Պատերազմը սովորեցնում է գնահատել և արժևորել այն,  ինչ ունես։ Թանկը դու ես, զինվո´ր, որ այդքան անձնանվեր ես և պատրաստ ես անգամ կյանքդ չխնայել։ Բայց մեզ ամենից առաջ քո կյանքն է պետք…»

Դպրոցի միջին և ավագ դասարանների  աշակերտները հանդես եկան հայրենիքին, հայկական բանակին ու հայ զինվորին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։

Ամփոփման խոսքում ներկաները նշեցին. «Միայն պատերազմի ժամանակ ես գիտակցում ու արժևորում խաղաղության իրական գինը։ Իսկ մեր խաղաղության իրական երաշխավորը հայոց բանակն է ու հայ զինվորը։

 Հա´յ զինվոր, տո´նդ շնորհավոր։ Մեր թև ու թիկունքը դու ես, մեր հերո´ս զինվոր, մեր խիզա´խ զինվոր։ Տղե´րք, շնորհակալ ենք ձեզ։ Դուք վառ օրինակ եք, որ հերոսներ ծնվում են հայ մորից։ Հայոց բանակը, մեկ է, անպարտելի է։ Ամենակարևորը մեր հոգին, հայոց բանակի հոգին գերի չէ։ Զինվորի մա´յր, դու հերոս ես ծնել։ Հայոց բանակը, մեկ է, ունի տոն և ունի տուն։ Հայի ոգին անպարտ է։

Եռաբլուրը եռում է երիտասարդ արյունից, բայց օրը գալու է։ Արցախի հզոր երակներում նորից զարկելու է հայի արյունը։ Հայոց բանակի սիրտը կարող է մի պահ կանգ առնել, բայց հետո ավելի ուժեղ զարկել   Ղազանչեցոց վանքի զանգերով։ Մենք նոր Վարդաններ, Նժդեհներ, Անդրանիկներ, Մոնթեներ, Վազգեններ ենք ունենալու։ Փա՛ռք ու պատիվ մեր Հայոց հպարտ բանակին։

Ապրի´ր հավերժ, հայո´ց բանակ,  և թող ցավը միայն ուժ տա քեզ պայքարելու և կրկին վեր հառնելու»

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի  N2  միջնակարգ դպրոցի «Հասարակագիտության» ուսուցչուհի Ա.Դանիելյանի նախաձեռնությամբ XII դասարանի աշակերտուհիներ Էմիլյա Շահբազյանը և Անի Նավոյանը կազմակերպեցին «Կյանքը պատերազմից առաջ և հետո» խորագրով սեմինար-քննարկում։

Հենց այն պահին, երբ պայքարում էինք Covid19-ի դեմ՝ քննարկելով, թե ինչպես կարող էր 21-րդ դարում վարակն այնքան մասսայական ու անկառավարելի լինել, որքան 19-րդ դարում, պատերազմ սկսվեց Արցախում:

Միշտ կա ամենաբարդ պահը. ինչպե՞ս շարունակել ապրել պատերազմից հետո…

Սեմինարի ընթացքում աշակերտները անդրադարձան մեր անմահ հերոսներին, ներկայացրին տեսանյութեր, որտեղ երևում էր մարդկանց հոգեկան հեղաշրջումը պատերազմից առաջ և հետո։

Սեմինար-քննարկմանը, որն անցավ պարզ, անմիջական, առողջ և ակտիվ  մթնոլորտում, ներկա էին ուսուցիչները, աշակերտները, ինչպես նաև 2020թ. շրջանավարտները։

  -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

2021 թվականի հունվարի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի  N2 միջնակարգ դպրոցի Xա դասարանի աշակերտների և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ս.Ումրշատյանի նախաձեռնությամբ անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ և թարգմանիչ Պարույր Սևակի 97-ամյակին։

Աշակերտները ներկայացրին հատվածներ բանաստեղծի կենսագրականից, ասմունքեցին տարբեր ժողովածուներից ընտրված բանաստեղծություններ։ Սևակյան տողերով մեկ անգամ ևս հիշեցին մերօրյա հերոսներին։

Վերջում Ս.Ումրշատյանը մեջբերեց Սերո Խանզադյանի խոսքերը.

«Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը` սերնդեսերունդ հարատևելու անխախտությամբ…

Անչափելի  խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանաստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այն կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...»

 

 «Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:
Տերընդեզ, մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատվես օձէ չարե:
Տերընդեզ, մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես»։
Հայի դաստիարակության և ազգապահպանման մեջ մեծ դերակատարում ունի ազգային արժեքների և ավանդույթների պահպանումը։ Հայեցի հայ լինել նշանակում է հոգու մեջ և կյանքում կրողը լինել քո պապերից ժառանգած լեզուն, հավատը, ազգային ու հոգևոր արժեքները, նիստուկացը, բառուբանը, երգը, պարը։

    Ինչքան խորը լինեն դաստիարակության սերմերը, այնքան հաստ կլինեն արմատները, և առատ՝ ստացված բերքը։ Ահա սա էր այն առաջնորդող գաղափարը, որով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասը վերածեցինք դաս-միջոցառման՝ նվիրված «Տյառնընդառաջի» եկեղեցական տոնին։
«Տյառնընդառաջը» կամ «մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին»  Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

   Տյառնընդառաջ, տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
 Ելնելով Տիրոջն ընդառաջ՝ դպրոցի բակում վառեցինք ծիսական մեծ խարույկ, որը կրակի ջերմությամբ իր շուրջ համախմբեց ողջ դպրոցին՝ աշակերտներին և ուսուցիչներին։ Երգ, պար, որդան կարմիրով ներկված հայկական ավանդական տարազ, տոնական աղանդեր, հյուրասեր սեղան և այս բոլորի արդյունքում՝ ջերմ ու հաճելի մթնոլորտ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում։
   Պահպանելով հայկականը և ավանդելով այն սերնդեսերունդ՝ հանձն ենք առնում համադպրոցական նմանատիպ միջոցառումները հաճախակի դարձնել, այս կերպ միասնություն, համախմբվածություն, ազգապահպանում և հայեցիություն սերմանել ամեն հայ մանկան սրտում։

 

 

img_3186
img_3186
img_3186