Հրատարակումներ
ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԱՌՕՐՅԱՆ
Մեր գյուղում ձմեռը սկսվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և վերջանում մարտ-ապրիլին, իսկ տներում վառարանները վառում են մինչև մայիսի վերջը, լինում են տարիներ, որ վառում են մինչև հունիս:
Ես սիրում եմ իմ գյուղը իր առօրյայով և գյուղական աշխատանքներով: Ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ներառյալ դպրոցականների: Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի իմ հարևանների տղաների խոսակցությունը։ Դուք երևի կմտածեք , որ նրանք խոսում են աղջիկներից կամ անձնական այլ հարցեր են քննարկում, կարող է չհավատաք, բայց երեխաները այդքան էլ միամիտ չեն , նրանք երբեք այդ մասին չեն խոսի:
Իսկ այն թեմաները, որոնք քննարկվում են, դրանք, ինչպես ասում են երիտասարդները, բաց աղբյուրի ինֆորմացիա են: Նրանք խոսում էին հեռախոսների մասին, նրանց կարողության , մակնիշի, չափի, գույնի և, իհարկե, արժեքի մասին: Երեխաները և մեծերը հավաքվում են զինվորական տերմինալոգիայով, գյուղի ստրատեգիական տեղերում և քննարկում են հազար ու մի պիտանի և անպիտան նպատակներ, վերլուծում քաղաքական և միջազգային հարաբերություններ:
Կանայք ու աղջիկները ունեն մի շարք արտոնություններ, օրինակ՝ եթե ինչ- որ լավ բան է լինում ընտանիքում, իհարկե առանց կնոջ միջամտության դա չէր կարող լինել, և ինչպես միշտ , նրանք տեր են իրենց բաժին փառքին, բայց երբ, աստված չանի, վատ բան է պատահում, այդ պահին պատասխանատվությունը իրոք տան տղամարդու վրա է, քանի որ նա է տան տղամարդը: Այսօրվա մեր խոսակցությունը կանանց մասին չէ: Իսկ աղջիկների հարցով, իրոք, մեր գյուղում չկան հնարավորություններ , որպեսզի նրանք կարողանան լիարժեք գտնեն իրենց տեղը, այդ առումով աղջիկների իրավունքները որոշակիորեն խախտվում են:
Աշնան վերջին, ձմռան սկզբին գյուղում եռուզեռ է, քանի որ գյուղի տղամարդիկ վերադառնում են արտագան աշխատանքից: Ես ունեմ բարեկամ, ով ամեն տարի փոխում է իր ավտոմեքենան, իհարկե, ասում է, որ ամեն անգամ ինքը դրական «սալդոյով» է վերջացնում առք ու վաճառքը, բայց մենք գիտենք, որ վնասով է փակում:
Հնարավոր է, որ չհավատաք, բայց աստված չանի, որ ինչ -որ մեկը պատահաբար ամռանը մահանա, խնդիր է գերեզմանի տեղ փորելը և, ինչու չէ, նաև աճյուն տեղափոխելը։ Գյուղում մնում են տարեցները, իսկ ձմռանը հակառակ պատկերն է․ բոլորը համախմբված օգնում են միմյանց:
Ունեմ Կամո անունով մի ծանոթ, ով 90-ականներին ապրել է Կիրովոբադում։ Նա պատմում է, որ Կիրովոբադը Սումգայիթ չդարձավ այն պատճառով, որ մարդկանց մեծամասնությունը զինված էր և, եթե մարդիկ զինված են, ուրեմն ունեն կամք՝ պաշտպանելու իրենց տունը և հայրենիքը:
Երբ գյուղում հավաքվում են երիտասարդները, նրանց զրույցի հիմնական թեման խմելու, ուտելու, հագուստի, մեքենաների մասին է, նրանցից հետ չեն մնում տարեցները, ովքեր խոսում են տան և ապրուստի մասին:
Երբ ես կնոջս մեկ-մեկ ասում եմ , որ երջանիկ եմ, նա ինձ տարակուսանքով է նայում:
Իրոք, այդ օրը ես երջանիկ էի, քանի որ մեր գյուղի տղաներից մեկը իր հետ բերել էր իր նոր գնած կարաբինը և սկսեց պատմել նրա հնարավորությունների մասին, պատմեց, որ կարող է մի քանի հարյուր մետրի վրա լուցկու հատիկները կրակել, բայց քանի որ նշանառու օպտիկան չէր գնել թանկ լինելու պատճառով, կարող էր եւ վրիպել:
Ես ուրախ էի , որ այն երտասարդները, ովքեր խոսում էին ուտելու, խմելու և թանկարժեք մեքենաների մասին , նրանց զրույցի թեման դարձավ զենքը։ Նրանք պնդում էին, որ բոլորը պարտավոր են տիրապետել զենքին, և կգա մի օր, որ բոլորը կկարողանան ազատ կրել այն, քանի որ զենքը թեˊ հոգևոր և թեˊ ֆիզիկական ուժ է տալիս մարդուն:
Միգուցե իմ հարևանի երեխաները մյուս անգամ հեռախոսի փոխարեն կքննարկեն, թե ով քանի մետրից է խփում նշակետին և ինչ զենքի է տիրապետում:
Հուսանք, որ ՀՀ կառավարությունը կարճ ժամանակում կազատվի խորհրդային կաղապարներից և կընդունի օրենք, որով թույլ կտան ՀՀ քաղաքացիներին՝ գնել և կրել զենք՝ ինքնապաշտպանության համար:
ՋԵԴԿ