ընտրացանկը

Հրատարակումներ

ՈՒՍԱՆՈՂԻ ԽՈՀԵՐԻՑ

img_5382
img_5382
img_5382

Ես Ռոզան եմ` Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ  բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի։ Ավարտելով Գանձակ գյուղի N 1 միջնակարգ դպրոցը` ընդունվեցի համալսարան և այժմ սովորում եմ ինձ համար սիրելի ու հոգեհարազատ դարձած մասնագիտությամբ։ Մասնագիտությունս ընտրել եմ դեռ մանկուց։ Երբ այցելում էի բանկ, տեսնում  գեղեցիկ հագուստներով ու բարեհամբույր վերաբերմունքով աշխատակիցներին, երազում էի՝ լինել նրանց տեղում։
Այժմ երազանքիս իրականացման ճանապարհին եմ։ Իհարկե, ամեն բան դժվար կլիներ առանց քրտաջան սովորելու, անվերջ կարդալու, նոր գիտելիքներ ստանալու անհագ ցանկության, անքուն գիշերների, նպատակասլացության և, իհարկե, իմ սիրելի ուսուցիչների և դասախոսների։
Ինչու ոչ, լինում են նաև հիասթափության պահեր, երբ հանդիպելով որևէ արգելքի` մտածում ես, որ, վե՛րջ, դու պարտված ես։ Բայց սթափվում ես ու հասկանում, որ չպետք  է դժվարությունը դառնա խոչընդոտ, այլ այն պետք է ծնի նոր հնարավորություններ։
Մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվել սեփական նախասիրություններով, ոչ թե լսել, թե ինչ «բարի» խրատներ են տալիս մարդիկ։
Ես իմ մասնագիտությունն ընտրել եմ՝ սիրելով այն։ Եվ ցանկացած գործ՝ կապված իմ մասնագիտության հետ, ես անում եմ մեծ սիրով և նվիրումով։
Միշտ պետք է հիշել, եթե մասնագիտությունն ընտրում եք պարտադրանքով, այն երբեք չեք սիրելու։
Ուստի ընտրեք ձեր սրտի մասնագիտությունը և կարճ ժամանակ անց կհասկանաք, որ դուք մասնագիտության մեջ եք, իսկ մասնագիտությունը` ձեր։
Կարդացեˊք շատ գրքեր, միˊ բավարարվեք միայն ձեզ փոխանցված գիտելիքներով։
Ներկայումս կիրթ և բանիմաց մարդիկ ամենաշատն են հարկավոր մեր հասարակությանը։ Մեզանից յուրաքանչյունը պետք է գիտակցի, որ, շուկայում մրցունակ մասնագետ դառնալով, մեր գիտելիքները մեր երկրի շահերին ու բարօրությանը ծառայեցնելով միայն կարելի է ունենալ լուսավոր ու պայծառ ապագա։
Եվ վերջում մեջբերենք Նելսոն Մանդելայի հետևյալ խոսքերը.
«Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել՝ աշխարհը փոխելու համար»։
                                                                                                          

   Ռոզա Աբրահամյան