ընտրացանկը

Հրատարակումներ

Եղիշե Չարենց-125

2022թ. մարտի 14-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ գրականության գագաթներից մեկի՝ արևապաշտ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:

Դպրոցում ամենուր Չարենցն էր, չարենցյան խորիմաստ պատգամ՝ <<Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>>:

Դասասենյակում Եղիշե Չարենցի մեծադիր նկարն էր, Չարենցի ու մեծերի խոսքերը, նկարներ, գրքեր, վահանակներ, ծաղիկներ…

Ցերեկույթն սկսվեց <<Ես իմ անուշ Հայաստանի>> երգի հոգեթով երաժշտությամբ ու պարով:

VI-XI դասարանների աշակերտներն իրենց գեղեցիկ խոսքով ներկայացրին մեծ պոետի կյանքի անմոռաց, հետաքրքիր էջերը, նրա խոսքերը, բանաստեղծոթյուններն ու պոեմները:

Հնչեցին Չարենցի խոսքերով գրված երգերը՝ <<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Հեռացումի խոսքեր>>, <<Հայրենիքում>>:

Չարենցը սովորական անձ չէր, ինչպես իրավացիորեն ասել է Մարտիրոս Սարյանը. <<Նաիրին ծնեց Չարենցին... ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ... բարձրացրեց գլուխը, տեսավ շողացող արևը… Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց…>>:

Աշակերտները ներկայացրին, որ Չարենց-Բանաստեղծն ու Չարենց-Մարդը դարձել են հավերժության ուղեկից:

Եղիշե Չարենցը եկել է դարերից ու հաղթականորեն գնում է դեպի ապագա…

                                 Ե՛ս եմ հիմա- մի պոետ, և իմ անունը Չարենց-
                                 Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորումը, այն մեծարանքի արտահայտություն էր նորագույն շրջանի հայ պոեզիայի առաջնորդի, ազգային հանճարի հանդեպ:

Աշակերտներին, կազմակերպիչներին շնորհավորեց տնօրեն Աիդա Մուրադյանը՝ ավելացնելով, որ մարտիրոսանալու սխրանքով Չարենցը հավիտենապես հայ ժողովրդի հետ է, նրա լուսավոր ձգտումների հետ: 

Չարենցի պոեմներում հառնում է Նաիրյան երկիրը, որը, ձուլվելով հեղափոխությանը, հեղափոխության բրոնզե թևերով ձգտում է դեպի մարդկության գալիք լուսավոր հեռուներ.

                                     Ողջույն — ավելի՛ առնական, արի,
                                 Քան ողջույնը քո, երկիր արնաքամ,
                                 Կարմի՛ր Նաիրի...

Բանաստեղծը հավատում էր․ առաջին անգամ իր սրտում են վառ խտացել ու մարմին առել Նաիրի երկրի գալիքները:

 

                                                                                         Ջեմմա Դանիելյան  , Լճաշեն

                                                                                         հայոց լեզվի, գրականության և

                                                                                     գրաբարի առարկայական մեթոդական

                                                                                         միավորման նախագահ