ընտրացանկը

Հրատարակումներ

ՄԱՆՐ ՄՈՏՈՐԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ

Երեխայի մանր մոտորիկայի զարգացումն այսօր արդիական խնդիր է: Այդ հարցի կարգավորմանն ուղղված աշխատանքները վերաբերում են ծնողներին, մանկավարժներին, հոգեբաններին, ինչպես նաև երեխայի խնամքով զբաղվող այլ մասնագետներին: Ներկայումս երեխայի մոտորիկայի զարգացման ոլորտում հարկ է առանձնացնել հոգեբան-մանկավարժների` Լիանա Վերդյանի, Անահիտ Վարդանյանի,  Վ. Գրիգորյանի, Հ. Հարությունյանի աշխատությունները:

Ընդհանուր մոտորիկայի և մասնավորապես ձեռքերի շարժողականության թույլ զարգացման հետևանքով երեխաները դպրոցի շեմին ունենում են խոսքի զարգացման խնդիրներ կամ պատրաստ չեն լինում գրելու տեխնիկայի յուրացմանը։

Ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիական տարրերի զարգացմանը զուգընթաց հետընթաց է ապրել մանր մոտորիկայի զարգացումը: Հնարավոր է նույնիսկ, որ երեխայի խոսելու կարողությունը համապատասխանի բնականոն խոսքի զարգացմանը, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա կարող է լիարժեք ղեկավարել իր ձեռքերի շարժումները։ Եթե 4-5 տարեկանում քուղակապումը երեխայի մոտ առաջացնում է դժվարություններ, իսկ պլաստիլինով, բացի գնդերից և ձողիկներից, ուրիշ ոչինչ չի կարողանում ծեփել, եթե 6 տարեկանում կոճակ կարելը վտանգավոր ու անկարելի խնդիր է, ուրեմն նման երեխան ունի մոտորիկայի զարգացման կարիք:

Մանր մոտորիկայի զարգացումն անմիջական բարենպաստ ազդեցություն է թողնում նաև խոսքի ձևավորման վրա: Որպեսզի մանկիկը սովորի խոսել, անհրաժեշտ է ոչ միայն վարժեցնել նրա հնչարտաբերական ապարատը, այլև զարգացնել ձեռքերի մանր մոտորիկան: Նորածնին խնամելիս մայրիկը խաղում է նրա մատների հետ, մերսում դրանք: Սրանով նա նպաստում է երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը: Սակայն այդ աշխատանքները պետք է լինեն ոչ թե տարերային, այլ համակարգված, շարունակական և նպատակաուղղված: Մերսելով դաստակը, հատկապես մատների ծայրամասային հատվածը՝ խթանում ենք երեխայի ուղեղի «շարժման» կենտրոնի զարգացմանը՝ ակտիվացնելով նաև հարևան կենտրոնների աշխատանքը։ Մարդու գլխուղեղում խոսքի և ձեռքի մատների շարժումները կոորդինացնող կենտրոնները գտնվում են հարևանությամբ։ Բոլոր շարժումները ղեկավարող կենտրոնի 1/3-ը զբաղեցնում է ձեռքի մատների շարժումների կենտրոնը: Գիտության կողմից հաստատված այս փաստը թույլ է տալիս ձեռքի դաստակը դիտարկել որպես «խոսքի օրգան», որի մարզումն ու վարժեցումը նույնքան կարևոր դեր է խաղում երեխայի խոսքի զարգացման գործընթացում, որքան հնչարտաբերական ապարատը։ Վաղ մանկական տարիքում երեխան դրսևորում է վերջույթների և մատների շարժումների կառավարման հմտություններ՝

  • Կառուցում է պարզ շինություններ` ուղղահայաց հորիզոնական դիրքերով:
  • Ձեռքի և դաստակի կոորդինացված շարժումներով գծում, նկարում է` օգտագործելով թղթի ամբողջ մակերեսը:
  • Ինքնուրույն հագնվում և հանում է հագուստի որոշ մասեր:

Երեխան ցուցաբերում է վերջույթների կառավարման հմտություն` աջ կամ ձախ վերջույթի գերակայությամբ։

  • Գործողություն կատարելիս նախընտրում է աջ կամ ձախ վերջույթը։

Պետք է կիրառել տարբեր միջոցներ` երեխայի ձեռքը գրելուն նախապատրատելու համար։

Նախադպրոցական տարիքում երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ`

  • Կատարում գործողություններ փոքր (մանր) առարկաներով:
  • Կառուցում է միջին բարդության շինություններ։
  • Ծեփում է պարզ՝ կլոր, տափակ, պարանաձև առարկաներ:

Երեխան դրսևորում է նկարելու հմտություններ՝

  • Բռնում է մատիտը ձեռքի առաջին 3 մատներով` թուղթը մյուս ձեռքով պահելով:
  • Բռնում է մատիտը ծայրին մոտ:
  • Արտանկարում է երկրաչափական պատկերներ։
  • Նկարում է մարդ, որն ունի գլուխ և մեկ գծով պատկերված վերջույթներ։
  • Կրկնագծում է (եզրակ է քաշում) նկարի ուրվագծով:

Երեխան ցուցաբերում է մկրատով կտրտելու պարզ հմտություններ՝

  • Մեկ ձեռքի մատներով բացում և փակում է բութ ծայրերով մկրատը։

Երեխան կատարում է ինքնասպասարկմանն ուղղված առօրյա գործողություններ՝

  • Արձակում և կոճկում է մեծ կոճակները, հագուստի մեծ շղթաները, քուղերը։
  • Արձակում է կոշիկի քուղերը։
  • Ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ տեսակներից:

Իսկ ահա կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը, որը բավական երկարատև գործընթաց է և սկսվում է ուսումնական գործունեության ընթացքում։ Ձևավորվում է կամք, որը անընդհատ և շարունակական գործընթաց է, քանի որ ուսումնական գործունեության ողջ ընթացքում երեխայի առջև դրվում են նորանոր նպատակներ: Սկզբնական շրջանում կամքի ձևավորումը մեծապես պայմանավորված է արտաքին պայմաններով` պահանջներով, ցուցումներով, օրինակներով, սակայն զարգացման ընթացքում երեխան սկսում է առաջնորդվել սեփական պահանջներով, ցանկություններով, ձգտումներով: Կարևորագույն բնութագրերից է ինքնուրույնությունը: Այս տարիքի բնորոշ հատկանիշն այն է, որ երեխան խաղը փոխարինում է նոր գործունեությամբ` ուսմամբ։

Զուր չի ասել Սուխոմլինսկին․ «Խաղը կայծ է, որ վառում է հետաքրքրասիրության կրակը»: Որքան շարժումները բազմազան են, այնքան ավելի մեծ ինֆորմացիա է հասնում նրա գլխուղեղ, այնքան ավելի ինտենսիվ է ընթանում նրա հոգեկան զարգացումը։ Այսպիսով՝  որքան զարգացած է մոտորիկան, այնքան անձը ավելի ճկուն է հասարակական միջավայրում, և ավելի երաշխավորված է նրա կյանքի որակի ապահովումը:

 

Ալիտա Տեր-Գասպարյան

Դաստիարակչուհի, ուսուցչուհի