ընտրացանկը

Հրատարակումներ

Իմ գյուղից Հռոմ մեկ քայլ է

Ծնվել և ապրում եմ Լճափ գյուղում, սովորում Գավառի պետական համալսարանում։ Համալսարանի միջազգային ուսանողական փոխանակման ծրագրերի շնորհիվ ուսանել եմ Հռոմի Սապիենցա համալսարանում, որը, ըստ վարկանիշի, 2-րդն է Իտալիայում և ամենամեծ բուհերից մեկն է ամբողջ Եվրոպայում։ Արտերկրում ապրելը և սովորելը անփոխարինելի փորձ է, որը օգնում է դառնալ ավելի ինքնուրույն և ինքնավստահ։ 

Իտալիայի կրթական համակարգը խիստ տարբերվում է Հայաստանի կրթական համակարգից։ Դասերը անցկացվում են երկրի լավագույն մասնագետների կողմից, սակայն ուսանողը չի դիտարկվում որպես անհատ, ինչպես Հայաստանում։ Դասերին մասնակցելը պարտադիր պայման չէ և առարկան յուրացնելու ամբողջ պատասխանատվությունը ուսանողների ուսերին է, գլխավոր խնդիրը քննաշրջանի հաջող հանձնումն է։ 

Սապիենցա համալսարանը ամբողջապես հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, լաբորատորիաներով, թանգարաններով, որոնք կարևոր նախապայման են որակյալ կրթություն ստանալու ճանապարհին։ Համալսարանի տասնյակ մասնաշենքերը ունեն հագեցած գրադարաններ և լսարաններ, որտեղ աշխատելու կամ դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախնական ամրագրում։ Հաջորդաբար ամրագրելու և չներկայանալու դեպքում կարող եք զրկվել գրադարան մուտքի թույլտվությունից։ Համավարակի և ուսանողների մեծ հոսքի պատճառով աշխատաժամանակը սահմանափակված է և հատուկ ընթացակարգ  պետք է անցնել ամեն ինչի հասանելիություն ստանալու համար։ Լինելով այդ համալսարանի ուսանողը՝ կունենաք անվճար մուտքի թույլտվություն Հռոմի լավագույն թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ և հասանելիություն լավագույն հետազոտական բազաներին։

Միջազգային բուհում սովորելը մեզ կրթում է համաշխարհային  մշակույթի, արժեքների, աշխատելաոճի մասին, ինչը բարդ կլիներ իմանալ՝ ապրելով միայն Հայաստանում։  Բուհում, թե բուհից դուրս միշտ կան սովորելու և զարգանալու առիթներ, պետք է միայն բաց լինել՝ դրանք նկատելու համար։

Եթե այժմ դուք ապրում եք փոքր գյուղում կամ երկրում, կամ սովորում փոքր համալսարանում, մի՛ դիտարկեք դրանք որպես թույլ կողմեր, իրականում դրանք մեր առավելություններն են, որ մեզ տանում են ավելի մեծ բարձունքների։

Մարիամ Խաչատրյան

Գավառի պետական համալսարանի  Անգլերեն լեզու և գրականություն բաժնի  Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի