ընտրացանկը

Հրատարակումներ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ՍԻՐԻ ԻՐ ԸՆՏՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ…

Ակադեմիայում կրթության համակարգն ունի ուղղահայաց զարգացում, այսինքն՝ իրականացվում են միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրեր:

Ռեկտոր Մաթևոսյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության առաքելությունը բնակչության պաշտպանությունն է արհավիրքներից, ինչն իր էությամբ բարի գործ է և սահմանված է օրենքով:

Պարոն Մաթևոսյանն ասաց, որ ցանկացած իրավիճակում խուճապը մարդկանց մոտ առաջանում է մշակույթի, այլ ոչ թե տեղեկատվության պակասից։ Տեղեկացվածությունը դեռևս մշակույթ չէ: Որպեսզի բնակչությունն ունենա մշակույթ, անհրաժեշտ է ձևավորել անվտանգ միջավայր, որը շատ բարդ խնդիր է: Նա հավելեց նաև անվտանգության մշակույթի ձևավորման ու մտածողության փոփոխության կարևորության մասին: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի անվտանգության մշակույթի կարևորությունը, ունենա գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մակարդակ, տիրապետի վարքականոնների, որոնք կնպաստեն անվտանգ միջավայրի ձևավորմանը: Օրինակ՝ ինչպես կարող է մարդն ականատես լինել երկրաշարժի հետևանքով առաջացած աղետալի հետևանքներին և շարունակել մտածել նույն ձևով…

Մարդը պետք է ճանաչի այն տարածքը, որտեղ ինքն ապրում է, իմանա վտանգների մասին, ապրի դրանց հետ հաշտ և իմանա դրանց կանխման ու կանխարգելման ուղիները: Պետք է փոխենք մեր մտածելակերպը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից պայմաններին:

Յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը, չկա և չպետք է առաջնորդվել եզրույթներով, պետք է առաջ շարժվել՝ գտնելով ամենաօգտակարը։

Մենք միշտ փորձում ենք ստանալ այն ամենը, ինչը որ պատրաստ է, չենք ձգտում նորարությունների ձեռք բերմանը և դժվարությունների հաղթահարմանը: Եթե մարդը չունի ստեղծագործական մոտեցում, ապա իր անհաջողությունների կամ ստեղծված խնդիրների մեջ փորձում է գտնել մեղավորներ կամ ինչ- որ անհամապատասխանություններ է փնտրում։ Ամենամեծ զենքը մարդու համար այն է, երբ նա սիրում է աշխատանքը, այս դեպքում՝ երեխաներին։ Մեր գլխավոր մշակույթը մեր մտածողությունն է, որը պետք է փոխել։

 Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարար հասկացությունը չկար, պետական փրկարարական ուժերը ձևավորվեցին այդ երկրաշարժից տարիներ անց: Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա այն միշտ էլ կունենա զարգացման կարիք, ինչը կապված է գիտության և տեխնիկայի զարգացման անընդհատության հետ:

-Ինչպե՞ս պետք է ճիշտ ընտրեն մասնագիտություն, որ կարողանան դառնալ հասարակությանը պիտանի մարդ,-հարցնում ենք։

-Պետք է յուրաքանչյուրը սիրի իր ընտրած մասնագիտությունը, բարությամբ լցվի նրա նկատմամբ, որ կարողանա հետագայում իր ստացածը ճիշտ մատուցել, այսինքն՝ մասնագիտորեն։ Հարկավոր է մտածողություն դաստիարակել երեխայի մեջ և ճիշտ միջավայր ստեղծել, ինչը մեզանից երկար ժամանակ կպահանջի։ Անվտանգ միջավայրի ձևավորման հարցում շատ կարևոր է ինչպես ծնողի, այնպես էլ միջավայրի դերը՝ ընտանիք, դպրոց, փողոց, բակ և այլն։ Օրինակ, եթե երեխան մեծանում է ընտանիքում, որտեղ հայրը ծխում է, հաճախակի դիտողությունները երեխային չեն օգնի չծխելու, քանի որ երեխայի համար լավագույն օրինակը հայրն է: Այսինքն, եթե ուզում ենք լավ արդյունք ունենալ, պետք է աշխատենք մեր մտածողության վրա։ Քաղաքացիական պաշտպանությունն իրականացվում է ռազմական պայմաններում պաշտպանական կառույցներում՝ ապաստարաններ, թաքստոցներ, նկուղներ և այլն, որոնք նախապատրաստվում են խաղաղ պայմաններում, իսկ գործառույթն իրականացնում են տվյալ տարածքի համապատասխան մարմիները։ Գիտելիքներ կարելի է ստանալ գրքերից, էլեկտրոնային հարթակներից, շատ պետք է կարդալ, պրպտել, գտնել, սակայն անհրաժեշտ է մասնագետի հսկողությունը և օգնությունը։ Մենք ունենք անվտանգության ցածր մշակույթ․ յուրաքանչյուր բնագավառ լավ մասնագետի կարիքն ունի։ Ակադեմիայի գործունե­ությունն ուղղված է հենց այդ մշակույթի զարգացմանն ու անվտանգության միջավայրի ձևավորմանը։ Դպրոցականներն առաջին հերթին պետք է լինեն բարի, որը մեր մասնագիտության գլխավոր խնդիրն է, բարի լինել չի նշանակում լինել խեղճ, այն առավելագույնն է մարդու կյանքում, սերը շրջապատի և բնության նկատմամբ, որը պետք է ցուցադրել արարքների միջոցով։ Յուրաքանչյուրը պետք է սիրի իր երկիրը, լեռան լանջը, որի հետ նա աշխատում է, այն հարստություն է, այն գեղեցիկ է, նրա հետ պետք է բարի վերաբերվել, որ հետագայում աղետների առաջ չկանգնենք։ Բնության հետ վատ վերաբերվելով, որը մարդու չմտածված գործունեության արդյունք է, հետագայում պատասխան է տալիս։ Մեր նպատակն է՝ անվտանգության մշակույթի ձևավորումը սկսել նախադպրոցական հաստատություններից, այնուհետև դպրոցական ծրագրերում տարբեր առարկաների մեջ ինտեգրել թեմաներ մեր մասնագիտության ուղղություններով: Օրինակ՝ մեր թեմաներով կազմվել են խնդիրներ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաների համար, ինչը աշակերտի մոտ կառաջացնի ստեղծագործական, մտավոր զարգացման, երևակայության և այլ կարողություններ։ Մենք շատ սովորելու և զարգանալու պահանջ ունենք, յուրաքանչյուր ոլորտ պետք է տեսական գիտելիքները համեմատի այլ երկրների հետ, որպեսզի կարողանա գտնել թերացումներն ու բացթողումները։ Չպետք է բավարարվել կարդացածով կամ ստեղծածով, մշտապես պետք է մտածել կատարելագործվելու և առաջ գնալու մասին։ Մենք պարտավոր ենք երեխաներին զարգացնել ոչ միայն գիտական, այլ նաև մշակութային ուղղություններով,-պատասխանեց ակադեմիայի ռեկտորը։

Ակադեմիան շարունակում է համագործակցությու­նն օտարերկրյա առաջատար բուհերի, գիտական կենտ­րոնների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Ճապոնի­ա, Հարավային Կորեա, Շվեդիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաս­տան, Ֆրանսիա և այլն: Ակադեմիան իր գործունեության ընթացքում ձեռք է բերել հարուստ գրադարան, մի շարք գրքերի և աշխատությունների հեղինակը հենց ինքը՝ գեներալ-մայոր Մաթևոսյանն է։ Ակադեմիան իր ուժերով ստեղծել է գերհագեցած ինովացիոն տեխնոլոգիաների համալիր (ITC) լաբորատորիա, որտեղ ուսանողները գտնում են հեռավար կառավարվող սարքավորումների կիրառման ձևերը, որոնք օգնում են փրկարարներին՝ իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու։

  Ռեկտոր Մաթևոսյանը նեկայացրեց այն նյութերն ու տեսաֆիլմերը, որոնք դպրոցականներին կտան տեսական և գործնական գիտելիքներ աղետներից պաշտպանվելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանին՝ անկեղծ և բազմաբովանդակ հարցազրույցի համար, եւ հուսով ենք, որ մեր հանդիպումը խթան կհանդիսանա՝ հասարակության մեջ սերմանելու անվտանգ միջավայր, և որ նման  ուսուցողական բնույթի հանդիպումները կլինեն շարունակական։